Արյան մեջ ս-ռեակտիվ սպիտակուցի, դ- դիմերի եւ ֆերիտինի ցուցանիշների բարձրացումը կարող է COVID-19-ի ծանր տեսակի նշան լինել։ Այս մասին հայտնում են Նյու Յորքի համալսարանին կից Գրոսմանի անվան Բժշկական դպրոցի գիտնականները։ Նրանց հետազոտությունը հրապարակվել է medRxiv-ում։
Իրենց եզրակացություններում մասնագետները հենվել են վիճակագրական տվյալների վրա, որոնք հավաքել են նոր կորոնավիրուսով 4103 պացիենտների հետազոտությամբ։ Դեպքերի համարյա կեսի մոտ պացիենտներին անհրաժեշտ է եղել հոսպիտալացում, 650 մարդ ուղարկվել են ինտենսիվ թերապիայի բաժանմունք կամ մահացել են։
Ինչպես պարզվել է, ավելի հաճախ հիվանդության ծանր տեսակը եղել է 75-ից բարձր տարիք ունեցող պացիենտների մոտ, սակայն 65-ից բարձր տարիք ունեցողները նույնպես եղել են ռիսկի խմբում։ Ընդ որում, մասնագետներն ընդգծել են, որ հիվանդության ծանր ընթացքի լուրջ գործոն է համարվում ոչ թե տարիքը, այլ թթվածնով արյան հագեցվածության ցածր՝ 88%-ից քիչ մակարդակը։ Նաեւ հիվանդությունը հաճախ ծանր ընթացք է ունեցել ճարպակալմամբ տառապողների մոտ։ Բացի այդ, արյան մեջ ս-ռեակտիվ սպիտակուցի, դ- դիմերի եւ ֆերիտինի բարձր ցուցանիշները նույնպես կարող են COVID-19-ի ծանր տեսակի մասին վկայել։
Գիտնականները եզրակացրել են, որ գիտելիքներն այն մասին, թե մարդկանց որ խմբերն են ավելի վատ տանում կորոնավիրուսը, կօգնեին ավելի լավացնել պացիենտներին ցուցաբերվող բժշկական օգնության որակը։






