Մեծ Բրիտանիայում սկսում են հավաքել COVID-19-ից բուժված հիվանդների արյունը` այլ վարակվածներին օգնելու համար. համարվում է, որ հիվանդությունը վերապրած մարդու պլազման կարող է օգնել նրանց, ովքեր դեռ հիվանդ են ու ծանր են տանում վարակը:

Ըստ The Daily Mail-ի` արյուն հավաքելով կզբաղվի NHS Blood and Transplant կազմակերպությունը: Ստացված արյունը դեռ որպես էքսպերեմենտալ բուժում կօգտագործվի` պարզելու համար` արդյոք դրա փոխներարկումը կարող են արագացնել հիվանդների առողջացումը եւ բարելավել բուժման արդյունքները:

Հիշեցնենք, որ Միացյալ Նահանգներում եւս հավաքում են կորոնավիրուսից բուժված հիվանդների պլազման, քանի որ այն հակամարմիններ է պարունակում, որոնք կարող են օգտագործվել այլ պացիենտների բուժման մեջ: Ենթադրվում է, որ կորոնավիրուսով վարակված հիվանդներին կներարկեն դոնորային պլազման, իսկ դոնորի հակամարմինները կօգնեն արագորեն մաքրել օրգանիզմը վիրուսներից: Որոշ մասնագետներ վստահ են, որ նման բուժումը կարող է շատ ծանր հիվանդների փրկել, թերեւս` հիմա, երբ ոչ պատվաստանյութ կա, ոչ ապացուցված արդյունավետություն ունեցող դեղամիջոցներ: