Չինացի գիտնականները հերքել են տարածված հակավիրուսային դեղամիջոցների օգուտը COVID-19-ի դեմ պայքարում. պատահական ընտրանքով կլինիկական փորձարկումները ցույց են տվել, որ լոպինավիր+ռիտոնավիրը եւ արբիդոլը կորոնավիրուսի դեմ պայքարում անօգուտ են: Հետազոտության արդյունքները հրապարակվել են Cell Press հրատարակչատան Med ամսագրում, հայտնում է MedicalXpress-ը:
«Մենք հայտնաբերել ենք, որ ո՛չ լոպինավիր+ռիտոնավիրը, ո՛չ արբիդոլը չեն բարելավում կլինիկական արդյուքները, բայց կարող են կողմնակի էֆեկտներ առաջացնել»,- հայտարարել է Գուանչժոուի Ութերորդ ժողովրդական հիվանդանոցի Ինֆեկցիոն հիվանդությունների կենտրոնի փոխտնօրեն Լինհուա Լին (Չինաստան):
Այս դեղամիջոցները թեստավորման համար ընտրվել են, քանի որ մտնում էին Չինաստանի Առողջապահության ազգային հանձնաժողովի հրապարակած կորոնավիրուսի բուժման համար հանձնարարվող դեղերի ցուցակի մեջ: Լոպինավիր+ռիտոնավիրի եւ արբիդոլի օգտագործումը հիմնավորված էր in vitro փորձերով եւ SARS ու MERS կորոնավիրուսներով անցկացված փորձարկումների տվյալներով:
Նոր հետազոտությանը մասնակցել է հիվանդության ծանրության թեթեւ եւ միջին աստիճանով 86 պացիենտ, որոնցից 34-ը պատահականության սկզբունքով ընտրվել է լոպինավիր+ռիտոնավիրի ընդունման համար, 35-ը՝ արբիդոլի, իսկ մնացյալ 17-ը պլացեբո են ստացել: Մեկ եւ երկրորդ շաբաթն անցնելուց հետո բոլոր երեք խմբերի պացիենտների բուժման արդյունքները գրեթե միատեսակ էին, ինչը ցույց է տվել, որ նշված դեղամիջոցները արդյունքը չեն բարելավում:
Մասնագետները մասնակիցների մոտ չեն նկատել ո՛չ կորոնավիրուսի ախտանիշների նվազում, ո՛չ համակարգչային տոմոգրաֆիայի արդյունքների բարելավում: Ընդ որում՝ առաջին երկու խմբերում ընդգրկված պացիենտները, որոնք դեղորայք են ստացել, գանգատվել են դիարեայից, սրտխառնոցից եւ ախորժակի անկումից, մինչեռ պլացեբո ստացող հիվանդները ոչ մի կողմնակի էֆեկտ չեն զգացել:
«Մեր եզրահանգումներից ելնելով՝ բժիշկները պետք է մանրակրկիտ մտածեն՝ նախկան վարակված պացիենտներին այս դեղամիջոցների նշանակումը»,- նշել է Լինհուա Լին:
Նրա խոսքով՝ այս պահին կորոնավիրուսի դեմ պայքարում միակ գործուն միջոցը կարանտինն է եւ օրգանիզմի առողջ վիճակի պահպանումը:






