Կարծում եք՝ առավոտյան շուտ արթնացող մարդիկ բարոյապես առավել կայո՞ւն են: Վերջերս իրականացված հետազոտությամբ պարզվել է, որ մարդու էթիկան եւ քրոնոտիպը՝ այս կամ այն ժամերին քուն մտնելու եւ արթնանալու հակումը միմյանցից որոշակի կախվածության մեջ են գտնվում՝ օրվա «ազնիվ» ժամերի առումով: Այլ կերպ ասած՝ մարդիկ հակված են խաբելու այն ժամերին, երբ սովորաբար նախընտրում են քնած լինել, մանրամասնում է FoxNews-ը:
Այս եզրահանգումը ստվեր է նետում այն նախապաշարմունքի վրա, թե իբր երեկոյան ուշ քնող մարդիկ ինչ-որ առումներով անազնիվ են:
Հետազոտության 200 մասնակիցներին տարբեր փորձություններ են առաջարկվել՝ վերոհիշյալ՝ մարդկանց միջեւ որոշակի առումով հավասարություն դնող վարկածին հաստատում գտնելու համար:
Մասնավորապես, մաթեմատիկայի քննություն հանձնած 48 ուսանողների հարցրել են արդյունքների մասին՝ խոստանալով ճիշտ պատասխանի դիմաց 50 ցենտ վճարել (ինչն արդեն իսկ խթան է՝ խաբելու համար): Եւս 142՝ օնլայն խաղերի մասնակիցների խնդրել են նետված զառի արդյունքը հայտնել՝ խոստանալով նույնչափ փոքրիկ նվերներ մատուցել:
Արտույտները հիմնականում ստում էին գիշերվա ժամերին, իսկ բվերը՝ առավոտյան։
Հետազոտության հեղինակները վստահ են, որ ստացված արդյունքը հատկապես գիշերային հերթափոխով աշխատող ընկերություններին կարող է պետք գալ:






