Սովորաբար կաթված տարած պացիենտների բուժման համար օգտագործվող դեղամիջոցը կարող է օգնել նաեւ COVID-19 կորոնավիրուսային ինֆեկցիայի բուժման ժամանակ: Այս մասին հայտնում են University of Aberdeen-ի գիտնականները:

Աբերդինի համալսարանին առընթեր Սիրտ-անոթային հիվանդությունների եւ դիաբետի կենտրոնից բժիշկներ Քլեր Ուայթի եւ Նիկոլաս Մուչի հոդվածը հրապարակվել է Journal of Thrombosis and Haemostasis-ում:

Նրանց խոսքով՝ դեղամիջոցի աերոզոլային տարբերակը, որը քայքայում է մակարդուկը եւ կոչվում է հյուսվածքային պլազմինոգենի ալտիվացնող (tPA), կարող է լինել կորոնավիրուսային ինֆեկցիայի առաջացրած թոքերի ախտահարման բարդությունների դեմ պայքարի «պրագմատիկ» միջոց:

COVID-19-ին նման հիվանդությունները, այդ թվում՝ սովորական գրիպը, կարող են բորբոքում առաջացնել, որը բերում է ֆիբրին կոչվող սպիտակուցի նստվածքի: Կուտակված ֆիբրինը նվազեցնում է թթվածնի քանակությունը, որը թոքերը կարող են ընդունել:

Կորոնավիրուսային ինֆեկցիայով պացիենտների մոտ հաճախ առաջանում են արյան մակարդուկներ, ինչը վերջնարդյունքում մեծացնում է մահվան հավանականությունը: Գիտնականները խորհուրդ են տալիս COVID-19-ով պացիենտներին, որոնք թոքերի բարդություններ ունեն, բուժել արյան անցանկալի մակարդուկների առաջացումը կանխելու համար նախատեսված դեղերով: Սակայն այս դեղամիջոցները չեն նպաստի արդեն առաջացած մակարդուկների քայքայմանը:

Գիտնականները հոդվածում առաջարկում են օգտագործել դեղը, հյուսվածքային պլազմինոգենի ալտիվացնողը (tPA), որը ներկայումս օգտագործվում է կաթված տարած պացիենտների բուժման համար. այն կարող է օգտագործվել արդեն առաջացած մակարդուկների թիրախավորման համար: