Ռուսաստանցի գիտնականները նախատեսում են Չումակովի անվան կենտրոնի արտադրած պոլիոմիելիտային պատվաստանյութը փորձարկել կորոնավիրուսային ինֆեկցիայի կանխարգելման համար:

Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, գաղափարն այն է, որ պատվաստանյութի միջոցով մարդու օրգանիզմում ակտիվացվի բնածին ոչ յուրահատուկ իմունային պատասխանը, որի շներհիվ հիվանդությունն ավելի թեթեւ կընթանա, նույնիսկ եթե մարդը վարակվել է:

«Մոտ ժամանակում տարածաշրջանում կսկսվի «ԲիՎակ պոլիո» պատվաստանյութի կանխարգելիչ արդյունավետության հետազոտության դիտորդական ծրագրի իրականացումը՝ ՍՇՎ-ի, ներառյալ COVID-19-ի դեմ: Պատվաստումը կատարվելու է կամավորներին, որոնք ռիսկի խմբում են: Նրանք են պոլիկլինիկաների բժիշկները, բուժակները, կամավորները, սոցիալական ոլորտի աշխատողները, խանութների վաճառողները, հանրային տրանսպորտի աշխատողները եւ այլոք: Դիտորդական ծրագիրը ընթանալու է 2 ամիս»,- նշված է գիտնականների զեկույցում:

Այս մոտեցման պոտենցիալ արդյունավետության մասին է վկայում այն փաստը, որ COVID-19 վիրուսի սպիտակուցային բաղադրությունը եւ պոլիոմիելիտի սպիտակուցային բաղադրությունը 60 տոկոսով նման են: Կիրովի մարզի առաջին փոխվարչապետ Դմիտրի Կուրդյումովի խոսքով՝  եթե հետազոտությունները հաջողությամբ ընթանան, պրակտիկան կտարածվի ամբողջ Ռուսաստանում:

Հաղորդվում է, որ համանման հետազոտություններ են նախատեսում անցկացնել նաեւ ԱՄՆ-ում: