Վարակիչ հիվանդություններն ազդում են ձայնի տոնայնության, բարձրության եւ այլ բնութագրերի վրա, պարզել են Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի գիտնականները: Նրանք նաեւ հայտնաբերել են բնութագրված փոփոխությունները ասիմպտոմատիկ կորոնավիրուսային վարակ ունեցող մարդկանց ձայնում։

Ինչպես գրում է «Ռոսիյսկայա գազետա»-ն, երբ մարդը դժվարությամբ է շնչում, նրա մոտ հազ կամ ծանր շնչառություն կա, ձայնը փոխվում է: Շնչառական համակարգում բորբոքումն ազդում է օդի արտաշնչման ինտենսիվության եւ մկանների աշխատանքի վրա: Եվ նույնիսկ եթե կորոնավիրուսին բնորոշ ախտանիշներ չկան, լատենտ բորբոքման առկայությունը ձայնի փոփոխությունների է հանգեցնում, որոնք կարելի է նկատել։

Գիտնականները համեմատել են COVID-19-ով վարակված, սակայն առանց ախտանիշների մարդկանց ձայների ձայնագրությունները նույն մարդկանց հարցազրույցների հետ, երբ նրանք դեռ առողջ էին։ Համակարգչային վերլուծությունը ցույց է տվել, որ վիրուսը մկանների լարվածության աճ է հրահրում եւ դժվարացնում է դրանց շարժը, ինչի հետեւանքով ձայնային ազդանշանների բազմազանությունը կրճատվում է։

Ստացվում է, որ «ձայնային» բիոմարկերները կարող են վկայել կորոնավիրուսային վարակի մասին, նշում են գիտնականները: