Մարդկանց մոտ, ովքեր ափիոնային ցավազրկողներ են ընդունում մեջքի ցավերի համար, ափիոնոիդների դեմ հակամարմիններ են առաջանում: Այս հակամարմինները ափիոնոիդների երկարատեւ ընդունման դեպքում կարող են նպաստել մի քանի բացասական կողմնակի ազդեցությունների առաջացմանը: Այսպիսի եզրակացության են եկել Վիսկոնսինի համալսարանի գիտնականները, հայտնում է Eurek Alert-ը:
Գիտնականների կարծիքով՝ ափիոնոիդների դեմ իմունային պատասխան խթանող պատվաստանյութը կարող է նվազեցնել դրանց չարաշահման հետեւանքով առաջացած խնդիրները եւ դրանց ընդունումից կողմնակի ազդեցությունների առաջացման հաճախականությունը:
Մասնագետները ափիոնոիդների դեմ հակամարմիններ են հայտնաբերել 19 պացիենտներից 10-ի մոտ, ովքեր դրանք ընդունել են գոտկատեղի քրոնիկ ցավը բուժելու համար: Նրանք, ովքեր ափիոնոիդների ավելի մեծ չափաբաժիններ են ընդունել, իմունիտետի կողմից ավելի ուժեղ պատասխան են ունեցել (նրանց մոտ հակամարմինների մակարդակը ավելի բարձր է եղել): Ափիոնոիդ չընդունող 3 պացիենտներից բաղկացած փորձարկվող խումբը ափիոնային հակամարմինների շատ ցածր մակարդակ է ունեցել:
Նախկինում հայտնի էր դարձել, որ իմունային համակարգը կարող է հակամարմիններ արտադրել հոգեակտիվ դեղամիջոցների դեմ: Թեեւ դեղամիջոցների մեջ քիմիական նյութերը շատ քիչ են, որպեսզի իմունային համակարգը ճանաչի, դրանք կարող են կապվել արյան մեջ խոշոր սպիտակուցների հետ: Իսկ իմունային պատասխանը տեղի է ունենում որպես արձագանք այս հարակից տարրերին:






