Կորոնավիրուսի դեմ Ղազախստանում մշակված QazCovid ոչ ակտիվ պատվաստանյութի նախակլինիկական փորձարկումները լավ արդյունքներ են տվել: Այս մասին հայտարարել է Ղազախստանի կրթության եւ գիտության նախարար Ասխատ Այմագամբետովը, հայտնում է INTERFAX-ը:
«Մենք արդեն ավարտել ենք ոչ ակտիվ պատվաստանյութի նախակլինիկական փորձարկումները: Արդեն մոտ 25 օր առաջ մեր գործընկերները, այս պատվաստանյութի անմիջական մշակողները, իրենք ինքնակամ պատվաստվել են։ Եվ այսօր մենք հակամարմինների պայթյունավտանգ աճ ենք տեսնում՝ եւ իմունոգլոբուլին M-ի, եւ իմունոգլոբուլին G-ի տեսանկյունից, եւ մենք նախակլինիկական փորձարկումների արդյունքում տեսնում ենք նաեւ անվտանգություն (այս պատվաստանյութի)»,- ասել է Այմագամբետովը:
«Մենք դիտարկել ենք այս պատվաստանյութի պիրոգենությունը (մարմնի ջերմաստիճանը շատ բարձրացնելու դեղամիջոցի ունակությունը), ալերգենությունը եւ ընդհանուր անվտանգությունը: Եվ նախնական արդյունքները շատ լավն են»,- հավելել է նա:
Նշենք, որ ոչ ակտիվ պատվաստանյութը մշակվել է Ղազախստանի Կենսաբանական անվտանգության խնդիրների գիտահետազոտական ինստիտուտում: Այն ստեղծվել է Ղազախստանում հիվանդների մոտ արտադրված վիրուսի շտամի հիման վրա:
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն այս պատվաստանյութը ներառել է COVID-19-ի դեմ պատվաստանյութ-թեկնածուների ցուցակում, որոնց թույլատրվում են նախակլինիկական հետազոտությունները:






