Հեռուստաբժշկությունը կարող է 2 անգամ նվազեցնել հիպերտոնիայով տառապող մարդկանց մոտ ինֆարկտի եւ ինսուլտի ռիսկը: Այս մասին ասվում է Hypertension ամսագրում հրապարակված հետազոտության մեջ:
Տվյալ դեպքում հեռուստաբժշկության արդյունավետությունը կարելի է բացատրել նրանով, որ վերահսկման նման ձեւաչափը մշտական եւ կարգավորված բնույթ է կրում, իսկ բժշկի այցերը պացիենտները կարող են հաճախ բաց թողնել:
Բարձր զարկերակային ճնշումը, եթե այն չի կարգավորվում, համարվում է մահվան ռիսկի էական գործոն: Ճնշման նվազեցումը՝ մինչեւ նորմալ ցուցանիշներ, կարող է կանխել ինֆարկտի եւ ինսուլտի ռիսկը: Սակայն խնդիրն այն է, որ շատերը չգիտեն, որ տառապում են հիպերտոնիայով:
Նոր հետազոտությանը մասնակցել է բարձր զարկերակային ճնշում ունեցող 450 մարդ, նրանց բաժանել են 2 խմբի՝ 222 պացիենտ այցելել է պոլիկլինիկա ըստ անհրաժեշտության, մյուսները մշտական կոնսուլտացիա են անցել հեռավար կարգով:
Հեռուստաբժշկության խմբի պացիենտները մշտապես չափել են զարկերակային ճնշումն ու տվյալները ուղարկել են դեղագետին, որը՝ ելնելով ճնշման ցուցանիշներից, նրանց խորհուրդներ է տվել դեղերի ընդունման եւ կենսակերպի փոփոխության հարցերով:
Հիպերտոնիկներին հետեւել են 5 տարի: Այդ ընթացքում հեռուստաբժշկության խմբի մասնակիցների 5,3%-ի մոտ սրտի եւ անոթների հետ կապված լուրջ բարդություններ են գրանցվել: Իսկ խմբում, որը սովորական բուժօգնություն է ստացել, նման խնդիրների հետ բախվել է մասնակիցների 10,4%-ը՝ երկու անգամ ավել, քան առաջին խմբում:
Գիտնականների կարծիքով՝ հեռուստաբժշկությունը կարող է լուծել զարկերակային ճնշման խնդիրն ու դրա հետեւանքով առաջացող բարդացումները: Այս մասին ասել է հետազոտության հեղինակ Կարեն Մարգոլիսը՝ Մինեապոլիսում HealthPartners Institute-ի տնօրենը:






