Վտանգավոր ինֆեկցիան, որը երբեմն ախտահարում է մուկովիսցիդոզով պացիենտներին, պարտադիր չէ բուժել հակաբիոտիկների ներարկումներով, պարզել են Բրիսթոլի եւ Նոթինգեմի համալսարաններից գիտնականները։ Նրանց խոսքով՝ կապտաթարախային ցուպիկի ինֆեկցիան բուժելիս խմելու համար նախատեսված հակաբիոտիկները նույնքան արդյունավետ են, որքան ներերակային հակաբիոտիկները, որը մուկովիսցիդոզով պացիենտների թոքերում առաջացնում է քրոնիկական դեստրուկտիվ ինֆեկցիա, եւ որը անհնար է հաղթահարել, եթե չի հայտնաբերվել ինֆեկցիայի զարգացման վաղ փուլերում։

Pseudomonas aeruginosa-ն բակտերիա է, որը բնակվում է շրջակա միջավայրում, հայտնում է News-medical.net-ը։ Ուշ դեռահասային տարիքում մուկովիսցիդոզով պացիենտների մեծամասնության մոտ դիտվում է քրոնիկական թոքային ինֆեկցիա, որի հարուցիչը հենց այս ախտածինն է։ Խմելու եւ ինհալյացիոն հակաբիոտիկները հիմնականում օգտագործվում են Pseudomonas-ն արմատախիլ անելու համար, բայց դրանք արդյունավետ են միայն այն դեպքում, եթե ինֆեկցիան ժամանակին հայտնաբերվի, հայտնում են բժիշկները։

Ինֆեկցիան արմատախիլ անելու համար, որպես կանոն, կիրառում են ներերակային հակաբիոտիկներ, սակայն մինչեւ հիմա չկային հավաստի գիտական ապացույցներ, որ ներերակայիմն բուժումը խմելու հակաբիոտիկներից ավելի լավն է։

Վերջին հետազոտությունները ցույց են տվել, որ Pseudomonas-ի ոչնչացման համար ներերակային հակաբիոտիկների սովորական օգտագործումն արդարացված չէ։ Բժիշկների խոսքով՝ ներերակային բուժումը նշանակում է, որ մուկովիսցիդոզով պացիենտները ստացիոնարում են մնում մինչեւ երկու շաբաթ։