Էլեկտրոնային ծխախոտը թոքերի մահացու վտանգավոր վնասվածքներ կարող է առաջացնել՝ պնդում են ամերիկացի բժիշկները:
MedicalXpress-ի հաղորդմամբ՝ օգնության դիմած էլեկտրոնային ծխախոտ օգտագործողներից շատերի մոտ ախտորոշվել է EVALI՝ թոքերի վնասվածք: ՀԻմնական ախտանիշներն են՝մարմնի ջերմաստիճանի բարձրացում, հազ, սրտխառնոց եւ փորլուծություն:
Դեպքերի մեծամասնությունում շնչառական օրգանների վնասվածքն առաջաել է ոչ ստանդարտ գոլորշու խառնուրդների օգտագործմամբ, որոնք պարունակել են տետրահիդրոկանաբինոլ եւ հոգեակտիվ միացություններ, որոնք հանդիպում են մարիխուանայի մեջ: EVALI-ի առաջացումը կարող է կապված լինել նաեւ վիտամին E ացետատի հետ, որը ավելացվում է հեղուկի մեջ գոլորշացման համար:
Մասնագետների խոսքով՝ այդ հիվանդության ախտորոշման բարդությունը կապված է նրա հետ, որ էլեկտրոնային ծխախոտն ու գոլորշացման արտադրանքները՝ ի տարբերություն սովորական ծխախոտի, խիստ տարբերվում են կախված բրենդից:
ԱՄՆ Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման կենտրոնի տվյալներով՝ ԱՄՆ-ում գրանցվել է հիվանդության ավելի քան 2800 դեպք, մահվան՝ 68 դեպք: Սակայն այդ խնդրի նկատմամբ հանրության ուշադրությունը կտրուկ նվազել է կորոնավիրուսի բռնկումից հետո: Ընդ որում, բժիշկների խոսքով, հետազոտությունները ցույց են տվել, որ երիտասարդների մոտ , ովքեր էլեկտրոնային ծխախոտ են օգտագործում, 5 անգամ մեծ է կորոնավիրուսով վարակվելու ռիսկը՝ ի տարբերություն նրանց հասակակիցների, ովքեր չեն ծխում:
Կենտրոնի տվյալների համաձայն՝ ամերիկյան դպրոցներում միջին եւ ավագ դպրոցի 3,6 մլն աշակերտներ էլեկտրոնային ծխախոտ են օգտագործում, ինչպես 8,1 մլն մեծահասակ ԱՄՆ-ում: Բժիշկները խորհուրդ են տալիս երեխաների հետ դաստիարակչական աշխատանք տանել եւ խոսել ծխելու վտանգավորության մասին:






