Կորոնավիրուսի հակամարմինները COVID-19-ից ապաքինվածների մարմնից վերանում են վարակվելուց մոտ 3 ամիս անց: Այս մասին հաղորդվում է Blood ամսագրում հրապարակված հետազոտության մեջ:

Ինչպես նշում է ՏԱՍՍ-ը, շատ բժիշկներ առաջարկում են ապաքինվածների արյան պլազման օգտագործել որպես դեղամիջոց՝ վերջերս վարակվածների համար, եւ հարց է առաջանում՝ երբ վերցնել արյունը առավելագույն հակամարմիններ ստանալու համար։ Գիտնականների կարծիքով՝ դա պետք է արվի հնարավորինս շուտ:

Եվրոպական մի շարք երկրներում հակամարմինների առաջին երկարատեւ դիտարկումները ցույց են տվել, որ հակամարմինների ոչ երկարատեւ գոյատեւման պատճառով բնական ճանապարհով կոլեկտիվ իմունիտետ դժվար թե ձեւավորվի: Բացի այդ, հայտնի է, որ կորոնավիրուսը խանգարում է այն բջիջների ձեւավորմանը, որոնք կարող են երկար ժամանակ դրա դեմ հակամարմիններ առաջացնել:

Երկարատեւ ուսումնասիրության շրջանակներում կորոնավիրուսից 15 ապաքինվածների արյունը շաբաթական անալիզի է ենթարկվել՝ պարզելու համար, թե դրա մեջ ինչ հակամարմինների կոնցենտրացիա կա: Ինչպես պարզվել է, 3 շաբաթվա ընթացքում նախկին հիվանդների օրգանիզմում հակամարմինների կոնցենտրացիան նվազել է մոտ կեսով: Արդյունքում, 3-4 ամիս անց SARS-CoV-2-ի հակամարմինները գրեթե ամբողջությամբ անհետացել են: