Մոծակները չեն կարող մարդուն վարակել SARS-CoV-2 կորոնավիրուսով։ Այս մասին նշված է ԱՄՆ գյուղատնտեսության նախարարության գիտնականների նոր հետազոտության մեջ, որը հրապարակվել է bioRxiv ռեսուրսում։
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն իր հերթին նշում է, որ առայժմ «չկան ո՛չ տեղեկություններ, ո՛չ ապացույցներ այն մասին, որ նոր կորոնավիրուսը կարող է փոխանցվել մոծակների միջոցով»։ Չնայած այս հայտարարությունն այսօր բավականին համոզիչ է հնչում, SARS-CoV-2-ի տարածման այս ճանապարհի մասին կոնկրետ գիտական տվյալները սակավաթիվ են։
Ավելի վաղ արդեն հաստատվել է, որ մոծակները դերակատարում չունեն այլ հիվանդությունների փոխանցման մեջ, որոնք առաջանում են SARS-CoV-2 վիրուսների ազգակիցների կողմից՝ ծանր սուր շնչառական համախտանիշ եւ մերձավորարեւելյան շնչառական համախտանիշ։ Այս ապացույցներն, այնուամենայնիվ, չի կարելի պրոյեկտել նոր կորոնավիրուսի վրա։
Որպեսզի մոծակից խայթված մարդուն կամ կենդանուն ինֆեկցիայի փոխանցում տեղի ունենա, բավարար չէ, որ դրանից առաջ միջատը խայթած լինի վարակակրի, հայտնում է Medportal.ru-ն։ Վիրուսը նախ պետք է վարակի մոծակին․ անցնի նրա աղիների պատով, տարածվի օրգանիզմով եւ հայտնվի թքագեղձերի մեջ, եւ միայն դրանից հետո է հնարավոր հաջորդ խայթոցի ժամանակ ինֆեկցիայի փոխանցումը։
2020 թվականի հուլիսին ամերիկացի գիտնականները պարզել էին, որ SARS-CoV-2-ը չի դուրս գալիս աղիների սահմաններից եւ չի բազմանում դեղին տենդի մոծակի (Aedes aegypti), ասիական վագրային մոծակի (Ae. Albopictus) եւ Culex quinquefasciatus-ի օրգանիզմներում։ Չինացի գիտնականների անցկացրած մեկ այլ հետազոտությամբ պարզվել է, որ նոր կորոնավիրուսը չի բազմանում Aedes ընտանիքի մոծակների բջիջներում, ինչպես նաեւ չկա թե՛ Culex, թե՛ Anopheles ընտանիքների մոծակների օրգանիզմում, որոնց բռնել են Ուհանում։
Նոր հետազոտության հեղինակները կենտրոնացել են այն մոծակների վրա, որոնք մարդկանց եւ կենդանիների միջեւ մեծ թվով ՌՆԹ վիրուսների փոխանցողներ են՝ Culicoides sonorensis, Cx. tarsalis եւ Cx. Quinquefasciatus։ Փորձի ժամանակ միջատներին կերակրել են SARS-CoV-2-ով վարակված կենդանիների արյամբ։ Հաջողվել է մոծակներին աղիներում վիրուսը հայտնաբերել մի քանի օր։ Սակայն նրանց բջիջներում ոչ մի փոփոխություն չի գտնվել, ինչը նշանակում է, որ վիրուսը նրանց օրգանիզմում չի տարածվում։
Գիտնականները լրացուցիչ փորձեր են անցկացրել C. Sonorensis, Aedes aegypti, Cx. quinquefasciatus եւ Cx. Tarsalis մոծակների բջիջներով։ Հետազոտությունները ցույց են տվել, որ կորոնավիրուսը փոփոխություններ չի առաջացրել գծերից ոչ մեկում։ Սա հիմք է տալիս ենթադրելու, որ մոծակները չեն կարող լինել նոր կորոնավիրուսի փոխանցողներ։






