Սովորական ռինովիրուսը, որը սեզոնային ՍՇՎ-ի վիրուսներից մեկն է, արագացնում է օրգանիզմի հակավիրուսային համակարգի աշխատանքը, ինչի շնորհվ իմունիտետը բավարար ուժ է ստանում ավելի վտանգավոր հարուցիչների հարձակումները հետ մղելու համար։ 

Մրսածությունից ապաքինված մարդիկ COVID-19-ը ավելի լավ են հաղթահարում, քան բացարձակ առողջները, հայտնում է The Daily Mail-ը։ Սա առաջին հայացքից կարող է տարօրինակ թվալ, քանի որ ցանկացած հիվանդություն օրգանիզմը թուլացնում է։ Ինչպես բացատրել են Յելի համալսարանի գիտնականները, պարզվում է՝ ռինովիրուսի հարձակումից հետո «միանում» են օրգանիզմի հակավիրուսային ուժերը, եւ իմունիտետը ստանում է լրացուցիչ աջակցություն, որը կարող է օգտագործվել վնասակար հարուցիչների հարձակումը հետ մղելու համար։ Հիմա գիտնականները ցանկանում են պարզել, թե այս ամենն ինչպես է գործում կորոնավիրուսի դեպքում։

Մասնագետների պարզաբանմամբ՝ ռինովիրուսի պատճառով մեր օրգանիզմն ինտերֆերոն է արտադրում։ Ավելի վաղ կատարված հետազոտությունները ցույց են տվել, որ այս նյութը պետք է ճանաչի նաեւ այլ ախտածինները, ներառյալ կորոնավիրուսը։ Յելի գիտնականների խումբն ապացուցել է, որ մրսածությունը գրիպի դեմ լրացուցիչ պաշտպանություն է ապահովում հենց ինտերֆերոնի հաշվին։ Իհարկե՝ ոչ մնացած ամբողջ կյանքի ընթացքում, բայց գոնե մի քանի շաբաթներ, իսկ երբեմն էլ՝ ամիսներ։ Պաշտպանությունն էլ 100 տոկոսանոց չէ, բայց զգալիորեն նվազեցնում է գրիպի զարգացման հավանականությունը եւ նպաստում ավելի մեղմ ընթացքին։

«Սովորական մրսածության վիրուսը շնչուղիների թաղանթի բջիջներում գործարկում է նորմալ ակտիվ ռեակցիա,- ասել է հետազոտության համահեղինակ, բժիշկ Էլեն Ֆոքսմանը։ - Այդ թաղանթը ձեւավորող բջիջները գտնվում են հենց այնտեղ, որտեղ եւ վիրուսներն առավել հաճախ սկսում են աճել։ Դրանց թվում են գրիպը, սովորական մրսածությունը, COVID-19-ը՝ գործնականում բոլոր վիրուսները, որոնք մեր մեջ են հայտնվում շնչառության հետ։ Դրանք բոլորն աճում են օդային անցուղիների թաղանթի հյուսվածքներում»։