Նոր SARS-CoV-2 կորոնավիրուսը կարող է թեթեւացնել ցավը՝ պարզել են Արիզոնայի համալսարանի գիտնականները: Դա կարող է բացատրել, թե ինչու որոշ վարակվածների մոտ լուրջ ախտանիշներ չեն նկատվում: Այս մասին ասվում է Pain ամսագրում հրապարակված հոդվածում:

Հետազոտության հեղինակները կարծում են, որ ցավազրկման էֆեկտը կարող է կապված լինել S-սպիտակուցի հետ: Այդ միացությունը եւս ճնշում է ցավային զգացողությունների հետ կապված ազդանշանների փոխանցումը: Բանն այն է, որ S-սպիտակուցը կապվում է ոչ միայն ACE2  ռեցեպտորի, այլ նաեւ նեյրոպիլին-1-ի հետ:

Նեյրոպիլին-1-ի հետ կապվում է նաեւ  A(VEGF-A) անոթների էնդոթելի աճի գործոնը, որը կարեւոր դեր ունի արյունատար անոթների զարգացման գործում: Ինչպես հայտնի է, այն նաեւ կապված է այնպիսի հիվանդությունների հետ, ինչպիսիք են քաղցկեղն ու ռեւմատոիդ արթրիտը: Այդ դեպքում առաջանում է նեյրոնների հիպերզգայունություն, որն էլ հանգեցնում է ցավի:

Հետագայում գիտնականները ծրագրում են պարզել՝ արդյոք հնարավոր է նեյրոպիին-1-ն օգտագործել ոչ օփիոդային դեղամիջոցների օգնությամբ ցավազրկման համար: