Տարբեր մարդկանց մոտ կորոնավիրուսը տարբեր ընթացք ունի. որոշ մարդիկ բախվում են ծանր բարդացումների հետ, որոշներն էլ թեթեւ են տանում հիվանդությունը: Ինչո՞ւ է այդպես լինում: Հարցին փորձել է պատասխանել գիտնականների միջազգային խումբը: Նրանց հետազոտության արդյունքները հրապարակվել են Cell ամսագրում:
Lenta.ru-ի հաղորդմամբ՝ ԴՆԹ-ի սեկվենավորման միջոցով գիտնականները պարզել են, թե ինչպես են CD4+ Т- բջիջները արձագանքում կորոնավիրուսին:
Հիվանդության վաղ փուլերում կորոնավիրուսի ծանր ընթացքով հոսպիտալացված պացիենտների մոտ արտադրվում է T-բջիջների նոր ենթախումբ, որը պոտենցիալ կարող է ոչնչացնել B-բջիջներն ու նվազեցնել հակամարմինների արտադրումը:
CD4+ Т-բջիջների տեսակներից մեկը օրգանիզմին զգուշացնում է ինֆեկցիայի մասին եւ այլ իմունային բջիջներին ներգրավում ինֆեկցիայի դեմ պայքարում: TFH բջիջները B-բջիջներին ստիպում են հակամարմիններ արտադրել, այն դեպքում, երբ կարգավորիչ Т-բջիջները ճնշում են իմունային համակարգի ավելորդ ակտիվությունը:
Հետազոտողներն ուսումնասիրել են կորոնավիրուսով վարակված 40 պացիենտների տվյալներ, նրանցից 22-ը հոսպիտալացված է եղել, մյուսների մոտ թեթեւ ախտանիշներ են եղել: Հոսպիտալացված պացիենտների մոտ նկատվել է TFH-բջիջների բարձր մակարդակ, որոնք կարող են խորացնել ինֆեկցիան: Հակամարմիններ արտադրելու համար B-բջիջներին օգնելու փոխարեն դրանք նպաստում են այդ բջիջների ոչնչացմանը:






