Բույսից ստացված վիրուսը կարող է օգտագործվել քաղցկեղի դեմ իմունոթերապեւտիկ միջոցներ ստեղծելու համար: Կենդանիների վրա կատարված թեստերի առաջին արդյունքները բավական հուսադրող են թվում, հայտնում է Futurism.com-ը:

Շների մասնակցությամբ հետազոտության ընթացքում կովախոտից ստացված վիրուսը իմունային համակարգին օգնել է հաջողությամբ հայտնաբերել եւ պայքարել քաղցկեղի բջիջների դեմ: Ճառագայթային թերապիայի հետ համատեղ ապաակտիվացված վիրուսի մեծ չափաբաժնի ներարկումն անմիջապես ուռուցքի մեջ շատ արդյունավետ է եղել:

Այսօրվա դրությամբ նոր թերապիան փորձարկվել է ավելի քան 20 շների վրա: Բերանի խոռոչի քաղցկեղով տառապող 6 շներ վիրուսի օգտագործումից եւ ճառագայթային թերապիայից հետո ընդմիշտ ազատվել են հիվանդությունից։ Սա դրական արդյունք է, հատկապես հաշվի առնելով, որ նման քաղցկեղի կրկնության մակարդակը սովորաբար կազմում է 85-90%:

Գիտնականները մկների վրա փորձերի միջոցով վիրուսը փորձարկել են նաեւ մելանոմայի դեպքի համար: Վիրուսը նվազեցրել է ուռուցքների աճի արագությունը, երբեմն նույնիսկ ամբողջովին վերացրել է դրանք:

Գիտնականների կարծիքով՝ բուժման այս մեթոդը, ամենայն հավանականությամբ, արդյունավետ կլինի մարդկանց մոտ: Օգտագործված վիրուսը հեշտությամբ մոդիֆիկացվում է, եւ այն մեծ քանակությամբ հեշտությամբ կարելի է ստանալ բույսերից: