Ազոտի երկօքսիդով աղտոտված քաղաքային օդը կարող է խորացնել COVID-19-ի ընթացքը եւ նպաստել մահացու վտանգավոր բարդություններին: Այս մասին նախազգուշացնում են Էմորի համալսարանի (ԱՄՆ) գիտնականները:
Ինչպես պատմում է MedicalXpress-ը, հետազոտողները վերլուծել են քաղաքային օդում հիմնական աղտոտիչների պարունակությունը, ներառյալ մանր մասնիկները, ազոտի երկօքսիդը եւ օզոնը՝ ԱՄՆ 3122 շրջաններում հունվարից հուլիս ընկած ժամանակահատվածում: Նրանք նաեւ ուշադրություն են դարձրել այս շրջաններում երկու ցուցանիշների վրա՝ մահվան ելքով դեպքերի գործակցին (կորոնավիրուսից մահացած մարդկանց համամասնությունը վարակվածների մեջ) եւ մահացության գործակցին (կորոնավիրուսից մահացած մարդկանց համամասնությունը բնակչության շրջանում):
Այսպես, գիտնականները կապ են հայտնաբերել ազոտի երկօքսիդի կոնցենտրացիայի եւ COVID-19-ից մահանալու հավանականության միջեւ: Ազոտի երկօքսիդի պարունակությունը օդում միլիարդին 4,6 մասի աճը կապված է մահացության եւ մահվան ելքով դեպքերի մակարդակների համապատասխանաբար 16,2 եւ 11,3 տոկոս աճի հետ:
Ավելին, այդ նյութերի կոնցենտրացիայի նույն քանակով նվազումը, ըստ գիտնականների, կօգնի կանխել 14 672 մահ: Նաեւ աննշան կապ է եղել մահացության եւ մասնիկների կոնցենտրացիայի միջեւ:






