Ուղեղի երկու տարբեր ցանցերում հիշողության համախմբման ժամանակ տեղի է ունենում նվազագույնը երկու տարբեր պրոցես՝ գրգռող եւ արգելակող։ Այս մասին հաղորդվում է McGill University-ի մասնագետների ղեկավարությամբ գիտնականների խմբի անցկացրած հետազոտության մեջ, որը հրապարակվել է Nature ամսագրում։

Գրգռող նեյրոնները մասնակցում են հիշողությունների հետքի ստեղծմանը, մինչդեռ արգելակող նեյրոններն արգելափակում են ֆոնային աղմուկը եւ թույլ տալիս իրականացնել երկարաժամկետ ուսուցում, հայտնում է News-medical.net-ը։ Մասնագետների խոսքով՝ այս նեյրոնային համակարգերից յուրաքանչյուրը կարելի է ընտրողաբար մանիպուլացնել՝ երկարաժամկետ հիշողության կառավարման համար։

Գիտնականները ցանկանում էին պարզել, թե ինչպես են կարճատեւ հիշողությունները (որոնք պահպանվում են ընդամենը մի քանի ժամ) վերածվում երկարատեւ հիշողությունների (որոնք կարող են տարիներով պահպանվել)։ Վաղուց ի վեր հայտնի է, որ հիմքում ընկած է հիշողության համախմբման պրոցեսը եւ պահանջում է ուղեղի բջիջներում նոր սպիտակուցների սինթեզ։ Սակայն մինչ օրս հայտնի չէր, թե նեյրոնների ինչ ենթատեսակներ են մասնակցում այդ պրոցեսին։

Սա պարզելու համար մասնագետներն օգտագործել են տրանսգենային մկներին։ Նրանք նեյրոնների որոշակի տեսակներում eIF2α մոլեկուլային ճանապարհով մանիպուլացնելու հնարավորություն են ստացել։

Մասնագետներն ավելի վաղ հայտնաբերել էին, որ այս ճանապարհը առանցքային դեր է խաղում երկարատեւ հիշողության ձեւավորման եւ նեյրոններում սպիտակուցի սինթեզի կարգավորման համար։ Միաժամանակ, հետազոտողները պարզել են, որ eIF2α-ն վճռորոշ նշանակություն ունի ինչպես նյարդաբանական, այնպես էլ նեյրոդեգեներատիվ հիվանդությունների համար։

Գիտնականները պարզել են, որ eIF2α-ի միջոցով հիպոկամպի (ուղեղի հիշողության կենտրոն) գրգռող նեյրոններում  սպիտակուցի սինթեզի խթանումը բավարար էր հիշողությունների ձեւավորման ուժգնացման եւ սինափսների (նեյրոնների միջեւ կապ) մոդիֆիկացիայի համար։ Ընդ որում՝ պարզվել է, որ արգելակող, սոմատոստատինային ինտերնեյրոնների որոշակի կարգում eIF2α սպիտակուցի սինթեզի խթանումը նույնպես բավարար է եղել նեյրոնային կապերի առաձգականության կարգավորման հաշվին երկարաժամկետ հիշողության փոփոխության համար։