Ամբողջ աշխարհն այսօր պայքարում է COVID-19-ի համավարակի դեմ, սակայն կա ավելի լուրջ գլոբալ համաճարակի սպառնալիք, նախազգուշացնում են մասնագետները: Խոսքը սուպերմանրէների մասին է, որոնք այսօր ավելի վտանգավոր են, քան երբեւէ:

Ըստ Science Alert-ի` ամեն տարի աշխարհում 700 000 մարդ հակաբիոտիկակայուն մանրէների զոհ է դառնում: Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) փորձագետները կանխատեսում են, որ մինչ 2050 թվականը վտանգավոր, չբուժվող միկրոօրգանիզմներով վարակվածների թիվը կհասնի 10 միլիոն մարդու:

Այսօր արդեն հակաբիոտիկների հաճախակակի եւ երբեմն սխալ օգտագործման պատճառով շատ բակտերիալ վարակները, այդ թվում` գոնորեայի, տուբերկուլյոզի եւ սալմոնելայի շտամները, շատ դժվարությամբ եւ երբեմն անբուժելի են դարձել:

Սան Դիեգոյում Կալիֆորնիայի համալսարանի բժշկության պրոֆեսոր Ստեֆանի Ստրադին նշել է, որ կորոնավիրուսի համավարակի եւ հակաբիոտիկների անվերահսկելի օգտագործման ֆոնին աշխարհը կարող է ավելի արագ բախվել սուպերբակտերիաների նոր համաճարակին:

«Դա համաշխարհային ճգնաժամ է, եւ իրավիճակը վատթարանում է COVID-ի պատճառով»,- ասել է նա: