Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Սիբիրի մասնաճյուղի քիմիական կենսաբանության ու ֆունդամենտալ բժշկության ինստիտուտից եւ Կենսաֆիզիկայի ինստիտուտից գիտնականները ներկայացրել են նոր ախտորոշիչ մոլեկուլ՝ ապտամեր: Այդ մոլեկուլն ունի շատ բարձր զգայունություն, ինչպես նաեւ ունակ է լուսավորվել հիվանդության նախանշանները հայտնաբերելու դեպքում, գրում է ՌԻԱ Նովոստի-ն:
Գիտնականների խոսքով՝ այդ մոլեկուլը կարող է ոչ միայն ճանաչել հիվանդության սպիտակուցային մարկերը, սակայն նաեւ միաժամանակ լուսային ազդանշան տալ դրա առկայության մասին: Այն կազմված է երկու մասից. դրանցից մեկը պատասխանատու է այս կամ այն հիվանդությանը հատուկ սպիտակուցը հայտնաբերելու համար, իսկ մյուսը կապում է ֆոտոպրոտեին օբելինը՝ կալցիումից կախյալ լուսավորվող սպիտակուցը:
«Եթե հետազոտվող նմուշը պարունակում է սպիտակուցներ, որոնք ծառայում են որպես ապտամերի համար թիրախներ, ապա օբելինը, միանալով կալցիումի իոնների հետ, երկնագույն լույս է առկայծում, որը ֆիքսում է հատուկ սարքը՝ լյումինոմետրը: Ենթադրվում է, որ անալիզի համար ախտորոշիչ մոլեկուլով պլանշետի վրա կտեղադրվի կենսանյութ, իսկ որոշ ժամանակ անց կավելացվի կալցիումի իոնների լուծույթ եւ կգնահատվի ռեակցիայի արդյունքը լյումինոմետրի օգնությամբ»,-նշված է մասնագետների հաշվետվության մեջ:
Մասնագետների խոսքով՝ ապտամերները սինթեզելը բարդ չէ, դեռ ավելին, դրանք կայուն են եւ պարզ փոխադրման եւ պահպանման տեսանկյունից:
Գիտնականները ստուգել են այդ մոլեկուլների արդյունավետությունը՝ որպես թիրախ օգտագործելով հեմոգլոբինը: Ստեղծված ապտամերը ցույց է տվել բավականին բարձր արդյունավետություն. այն հայտնաբերել է սպիտակուց անգամ նվազագույն չափերում:
Մոտ ապագայում գիտնականները պատրաստվում են ստանալ ապտամերներ ցրված սկլերոզ եւ շաքարային դիաբետ ախտորոշելու համար. այդ նպատակով ապտամերը պետք է արձագանքի միայն կոնկրետ հիվանդությունների սպիտակուցային մարկերներին:






