Ամերիկյան Johnson & Johnson ընկերությունը ժամանակավորապես դադարեցրել է կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի փորձարկումների 3-րդ փուլը կամավորի «անբացատրելի» հիվանդության պատճառով:
«Մենք ժամանակավորապես դադարեցրել ենք կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի կլինիկական փորձարկումները կամավորներից մեկի մոտ անբացատրելի հիվանդության պատճառով: Այժմ նրա վիճակը գնահատվում է»,-ասվում է ընկերության հայտարարության մեջ:
Դեռ հայտնի չէ, թե ինչ ախտանիշներ են եղել կամավորի մոտ: Ինչպես նաեւ հայտնի չէ, թե արդյոք նա ստացել է պատվաստանյութ կամ պլացեբո: Այժմ անկախ փորձագետների ներգրավմամբ հետաքննություն է ընթանում:
Թեկնածուական պատվաստանյութը ստեծղվել է AdVac® տեխնոլոգիական հարթակում, որն արդեն օգտագործվել է Էբոլայի, Զիկայի, RSV-ի եւ ՄԻԱՎ-ի դեմ պատվաստանյութերի մշակման համար: 3-րդ փուլը սկսվել էր սեպտեմբերի 23-ին: Medportal.ru-ի հաղորդմամբ՝ սկզբնապես ծրագրվում էր, որ փորձարկումներին կմասնակցի 3 մայրացամաքներում 60 000 մարդ:
Հիշեցնենք, որ սեպտեմբերին եւս ժամանակավորապես դադարեցվել էին անգլո–շվեդական AstraZeneca ընկերության լայնամասշտաբ փորձարկումներն այն բանից հետո, երբ կամավորներից մեկի մոտ ախտորոշվել էր լայնակի միելիտ: Անկախ հետաքննությունից հետո սեպտեմբերի 12-ին փորձարկումները վերսկսվել էին, իսկ պացիենտի առողջական վիճակի մասին տեղեկություններ չէին հրապարկվել:






