Ամենից հաճախ կորոնավիրուսից մահանում են տարեցները, սակայն երիտասարդների 5-10 տոկոսի մոտ եւ նույնիսկ երեխաների մոտ կորոնավիրուսը եւս կարող է լուրջ բարդացումներ առաջացնել: Ամբողջ աշխարհում հետազոտողները փորձում են հասկանալ, թե ինչու որոշ մարդիկ վարակումից հետո ծանր հիվանդանում են, իսկ մյուսները նույնիսկ չեն էլ նկատում, որ վարակվել են:

University of Bergen-ից (Նորվեգիա) գիտնականները եւ նրանց ֆրանսիացի գործընկերները, կարծես, գտել են այդ հարցի պատասխանը: Նոր հետազոտության արդյունքները հրապարակվել են Science ամսագրում:

EurekAlert-ի հաղորդմամբ՝ մասնագետները պարզել են, որ կորոնավիրուսով ծանր վարակվածները հակամարմիններ ունեն, որոնք արգելափակում են ինտերֆերոնները՝ սպիտակուցներ, որոնք օրգանիզմն արտադրում է վարակի դեմ պայքարի համար:

Նմանատիպ պատկեր է նկատվում նաեւ APS1 աուտոիմուն հիվանդությամբ մարդկանց մոտ: Կորոնավիրուսով վարակված տղամարդկանց մոտ սովորաբար ավելի շատ հակամարմիններ են լինում ինտերֆերոնի նկատմամբ:

Հետազոտողների խոսքով՝ տվյալ խախտումը կորոնավիրուսի մահացու դեպքերի պատճառն է եւ բնորոշ է երիտասարդներին: Կորոնավիրուսով վարակված տարեցները մահանում են օրգանիզմում բարդ խախտումների պատճառով: