Կորոնավիրուսը նեյրոնների մահ է առաջացնում գլխուղեղի կեղեւում, ընդ որում, այդ խնդրի հետ կարող են բախվել նույնիսկ պացիենտները, որոնց հոսպիտալացում չի պահանջվում: Այս մասին հայտնել են բրիտանացի գիտնականները, որոնց հետազոտությունը հրապարակվել է  medRxiv-ում:

Մասնագետների խոսքով՝ կորոնավիրուսի նման հետեւանքները կարող են հանգեցնել շիզոֆրենիայի, Ալցհեյմերի եւ Պարկինսոնի հիվանդությունների զարգացման:

Հետազոտությունը ցույց է տվել, որ վիրուսը խոցում է աստրոցիտները՝ բջիջներ, որոնք կարգավորում են նեյրոնների ակտիվությունը: Դրա արդյունք կարող է լինել տրամադրության փոփոխությունը:

Նշենք, որ նյարդաբանական ախտանիշները նկատվել են շատ մարդկանց մոտ, ովքեր վաղուց ապաքինվել են կորոնավիրուսից: Գլխացավ, ցնցումներ, քնկոտություն, հիշողության որակի նվազեցում, համի եւ հոտառության կորուստը պահպանվել է ապաքինումից մոտ 2 ամիս անց:

Մասնագետները նշել են, որ դեռ չեն կարող ասել, թե որքանով են վտանգավոր հայտնաբերված վնասվածքները գլխուղեղում, որքան երկար կարող են պահպանվել եւ արդյոք անդառնալի են: