Սենթ Էնդրյուսի համալսարանից հետազոտողները որոշել են պարզել պատճառները, թե ինչու մարդիկ չեն հետեւում կորոնավիրուսի տարածման կանխմանն ուղղված սահմանափակող միջոցառումներին։
Ինչպես հայտնում է The Daily Mail-ը, մարդիկ ենթագիտակցորեն նմանակում են իրենց սոցիալական խմբի անդամների վարքագիծը, հետեւաբար եթե նրանք խախտեն նախազգուշական միջոցառումները, ապա այդ մարդիկ չեն հետեւի կանոններին եւ սահմանափակումներին։
Հետազոտության հեղինակները սոցիալական փորձ են անցկացրել, որի շրջանակում 1000 մասնակիցներին բաժանել են երկու խմբի՝ կարմիր եւ կապույտ, յուրաքանչյուր թիմում ընդգրկելով նման հետաքրքրություններով եւ բնավորության գծերով մարկանց։ Բուն փորձն անցկացնելիս մասնակիցները չգիտեին, թե այս կամ այն մարդը որ խմբին է պատկանում։
Գիտնականներն այս կերպ փորձել են պարզել՝ հետազոտության մասնակիցները նմանակո՞ւմ են արդյոք իրենց սոցիալական խմբից մարդկանց վարքագիծը։ Պարզվել է, որ կամավորները կրկնել են միայն իրենց թիմի անդամների գործողությունները։
Այս կապակցությամբ հետազոտողները առողջապահության ոլորտի աշխատակիցներին եւ քաղաքական գործիչներին խորհուրդ են տալիս բնակչությանը COVID-19-ի դեմ հավաքական պայքարի կոչ անել, որպեսզի հանրությունը հետեւի սահմանափակող միջոցառումներին։
Գիտնականների կարծիքով՝ մարդիկ նախազգուշական միջոցառումներին չեն հետեւում, քանի որ բարձրաստիճան անձինք իրենք են դրանք խախտում։ Նրանք որպես օրինակ ներկայացրել են Շոտլանդիայի գլխավոր սանիտարական բժիշկ Քեթրին Քալդերվուդին, որը պաշտոնանկ է եղել այն բանից հետո, երբ ինքն է անտեսել սոցիալական հեռավորություն պահպանելու սեփական խորհուրդը։ Մեծ Բրիտանիայի առողջապահության նախարար Մեթ Հենքոքին մի քանի անգամ առանց պաշտպանական դիմակի են նկատել։






