Ցողունային բջիջները տարբեր հյուսվածքների վերածվելու հատկություն ունեն: Բացի այդ, ինչպես բոլորովին վերջերս Շվեդիայի թագավորական ինստիտուտի գիտաշխատող Իգոր Ադամեյկոն է իր գործընկերների օգնությամբ պարզել, տարբերակում ստացած բջիջները ոչ միայն վերականգնողական գործառույթ իրականացնելու նպատակով նախկին՝ ցողունային տեսքին վերադառնալու, այլ նաեւ «անհարկի» վայրերում, մասնավորապես, ատամի ներսում՝ նյարդային բջիջների տեսքով թաքնվելու հնարավորություն ունեն: Այս բացահայտումը կարեւորագույն նշանակություն ունի՝ թերապեւտիկ նպատակներով ուսումնասիրման ենթակա ցողունային բջիջների հասանելիության տեսանկյունից, քանի որ ատամը կարող է սաղմնային աղբյուներից գերադասելի միջոց ծառայել, հաղորդում է IFL Science-ը:
Ատամի միջուկի կենդանի հատվածը՝ պուլպան արյունատար անոթներ, լնդային նյարդեր եւ ատամի կառույցի ու առողջության պահպանման համար պատասխանատու բջիջներ է պարունակում: Երբ ատամը վնասվում է, վերոհիշյալ բջիջները գործի են անցնում՝ վերականգնողական հյուսվածքներ ստեղծելու նպատակով: Գիտնականների համար ի սկզբանե անհասկանալի էր, թե որտեղից կարող են այս ցողունային բջիջները սկիզբ առնել: Սակայն, ինչպես լաբորատոր մկների վրա իրականացված փորձարկումների արդյունքներն են վկայել՝ հենց ատամի մեջ առկա նյարդային բջիջներն են ցողունայինի վերածվում:
Փորձագետների համոզմամբ, նյարդային համակարգի աշխատանքը խթանող որոշ՝ ոչ նյարդային, գլիալ բջիջներ սաղմի զարգացման ամենավաղ փուլերում նյարդերը լքելու եւ մեզենխիմալ ցողունային բջիջների վերածվելու հատկություն ունեն: Այդուհետեւ դրանք պուլպայի արտաքին շերտերում հաստատվող օստեոբլաստների են վերածվում եւ նոր դենտին ստեղծելու հնարավորություն ընձեռում:
Սաղմի զարգացման ողջ ընթացքում բջիջների տեղաշարժի հետագիծը ֆլուորեսցենտային մարկերների օգնությամբ է բացահայտվել:
Այս բացահայտումն այն բանի մասին է վկայում, որ պերիֆերիկ նյարդերը, որոնք ոչ միայն ատամների մեջ, այլ՝ ողջ օրգանիզմում են առկա, կարող են որպես ցողունային բջիջներ գործարկվել:






