ԱՄՆ Վաշինգտոնի համալսարանի Բժշկական դպրոցի գիտնականները մշակում են SARS-CoV-2 համաճարակային կորոնավիրուսի դեմ սուպերարդյունավետ պատվաստանյութ։ Նանոմասնիկների հիմքի վրա մշակվող պատվաստանյութը բերում է չեզոքացնող հակամարմինների արտադրման այն մակարդակով, որը 10 անգամ գերազանցում է COVID-19 կորոնավիրուսային ինֆեկցիա տարած մարդկանց հակամարմինների մակարդակը։ Այս մասին նշված է Cell ամսագրում հրապարակված հոդվածում։

Համակարգչի միջոցով ստեղծված պատվաստանյութն ուղարկել են երկու ընկերությունների հետագա մշակման համար, հայտնում է MedicalXpress-ը։

Մկների վրա կատարված թեստավորման արդյունքները ցույց են տվել, որ պատվաստանյութն ուժեղ իմունային պատասխան է առաջացնում անգամ այն դեղաչափի դեպքում, որը 6 անգամ փոքր է այլ պատվաստանյութերի դեպքում կիրառվող դեղաչափերից։ Զարգանում է նաեւ ուժեղ B բջջային իմունային պատասխան։ Կապիկներին դեղամիջոցը ներարկելիս գրանցվել է հակամարմինների արտադրում, որոնք ուղղված են կորոնավիրուսային S սպիտակուցի մի քանի տեղամասերին։ Հետազոտողների խոսքով՝ սա կօգնի պաշտպանություն ապահովել վիրուսի մուտացիայի ենթարկվող շտամների դեմ։

Պատվաստանյութը բաղկացած է սպիտակուցային նանոմասնիկներից, որոնցում պարունակվում է S սպիտակուցի դոմենի կապող ռեցեպտորի 60 պատճեն։ Նանոմասնիկների մոլեկուլային կառուցվածքը նմանակում է վիրուսի կառուցվածքը, ինչով եւ բացատրվում է իմունային պատասխան առաջացնելու նրա մեծ ունակությունը։

Գիտնականների խոսքով՝ ցածր դեղաչափով ուժեղ իմունային պատասխան առաջացնելու ունակությունն այս պատվաստանյութը համանման դեղամիջոցներից ավելի անվտանգ է դարձնում։