Եթե կորոնավիրուսի ախտորոշման թեստը հանձնել ​​վարակվելուց հետո 8-րդ օրը կամ առաջին ախտանշանների հայտնվելուց հետո, կեղծ բացասական արդյունք ստանալու հավանականությունը նվազագույն կլինի: Այս մասին հայտնում են Ջոն Հոփքինսի անվան հանրային առողջապահության դպրոցի մասնագետները:

Կազանի Դաշնային համալսարանի հիմնարար բժշկության եւ կենսաբանության ինստիտուտի գենետիկայի ամբիոնի պրոֆեսոր Ալբերտ Ռիզվանովը նշել է, որ վարակվելուց հետո առաջին օրերին վիրուսի կոնցենտրացիան օրգանիզմում դեռ շատ փոքր է` անալիզի միջոցով այն հաստատելու համար:

Իր հերթին, Մոսկվայի ֆիզիկատեխնոլոգիական ինստիտուտի կենսաֆիզիկայի եւ կենդանի համակարգերի ֆիզիկայի ամբիոնի դոցենտ Օլեգ Բատիշչեւը նշել է, որ վարակվելուց մեկ-երկու շաբաթ անց հիվանդությունն արդեն սկսում է անկում ապրել, եւ իմունային համակարգը հաղթահարում է հիվանդությունը: Այդ պահին կորոնավիրուսի ախտորոշման թեստի միջոցով վիրուսը հայտնաբերելու հավանականությունը զգալիորեն նվազում է, ավելանում է կեղծ բացասական արդյունքի հավանականությունը: