Անգլիայի Ֆալիֆաքս քաղաքից 27-ամյա Չելսի Քինենը իմացել է 5-րդ հղիության մասին ծննդաբերության ժամանակ:
Ինչպես պատմում է The Daily Mail-ը, օգոստոսի 15-ին երեկոյան Չելսին մեջքի սուր ցավ է զգացել: Այդ պահին ամուսինը տանը չի եղել, եւ նա շտապ օգնություն է կանչել: Մասնագետները կարծել են, թե նրա մոտ ապենդիցիտ է եւ նրան տարել են հիվանդանոց: Հիվանդանոցի ճանապարհին կինը հանկարծ հասկացել է, որ ծննդաբերում է: Շտապ օգնության բժիշկները սկզբում չեն հավատացել նրան:
Չելսիի խոսքով՝ իր մոտ հղիության որեւէ նշան չի եղել. այդ ամիսներին նրա մոտ դաշտանը չի դադարել, նա կրել է նույն չափի ջինսեր եւ ինքնազգացողության հետ կապված խնդիր չի ունեցել:
«Երբ կարդում էի այդ նորությունները կանանց մասին, ովքեր չեն իմացել իրենց հղիության մասին, մտածում էի՝ անհեթեթություն է»,-խոստովանել է Չելսին:
Կնոջ նորածին երեխայի՝ Էլիոթի մոտ բազմաթիվ բնածին արատներ են հայտնաբերվել. նրա մոտ ամբողջությամբ չի ձեւավորվել ձախ ոտքի ոսկորները, ինչպես նաեւ որովայնի պատը, ինչի պատճառով միզապարկն ու աղիները գտնվել են մարմնից դուրս, այլ ոչ թե ներսում:
Բժիշկների խոսքով՝ Էլիոթը կապրի, սակայն պետք է մի քանի վիրահատության ենթարկվի, այդ թվում՝ ոտքի անդամահատման: Բացի այդ, նա ամբողջ կյանքում կօգտվի կղանքի ընդունիչից: Քանի դեռ նրա մայրը գտնվել է հիվանդանոցում, հայրը հոգ է տարել 4 մյուս երեխաների մասին:









