D վիտամինը կարեւոր դերակատարում ունի մեծահասակ մարդու օրգանիզմի աշխատանքում, ինչպես նաեւ հղիության ժամանակ պտղի զարգացման գործում։ The Journal of Nutrition ամսագրում հրապարակված հետազոտության մեջ նշվում է, որ այս վիտամինն անհրաժեշտ է նաեւ պտղի գլխուղեղի զարգացման համար։

Հղիության ժամանակ կանանց մոտ D վիտամինի մակարդակը միանշանակորեն կապված է երեխայի IQ ցուցանիշների հետ․ ըստ դիտարկումների՝ հղիության ժամանակ որքան մեծ է վիտամինի պարունակությունը, այնքան բարձր է 4-6 տարեկանում երեխայի IQ մակարդակը, հայտնում է Eurek Alert-ը։

Գիտնականները նաեւ հայտնաբերել են եւս մեկ հետաքրքիր օրինաչափություն․ թուխ մաշկ ունեցող կանանց մոտ աճել է D վիտամինի դեֆիցիտի հավանականությունը։ Բանն այն է, որ թուխ մաշկի մեջ մելանինի առատությունը (մաշկում պիգմենտ, որը պաշտպանում է արեւի ճառագայթների առաջացրած վնասվածքից) բավականին արդյունավետորեն արգելափակում է ուլտրամանուշակագույն ճառագայթումը։ Իսկ ինչպես հայտնի է, մաշկի մեջ D վիտամինն արտադրվում է հենց ի պատասխան ուլտրամանուշակագույն ճառագայթման։ Հետեւաբար մաշկի թուխ երանգի դեպքում դիտվում է D վիտամինի արտադրման նվազում։

Մասնագետների խոսքով՝ այս վիտամինի պակասը սնունդի միջոցով լրացնելը դժվար է, բայց չնայած դրան, խորհուրդ է տրվում սննդակարգի մեջ ընդգրկել D վիտամինով հարուստ մթերքներ։ Դրանց են դասվում ձկան յուղը, ձուն եւ նախաճաշի համար վիտամիններով հարստացված կաթն ու փաթիլները։ Արեւմուտքի մասնագետները նաեւ հանձնարարում են ամեն օր գործածել D վիտամինի 600 ՄՄ։