Երկարաժամկետ պաշտպանություն ապահովող T-լիմֆոցիտները «ապրում են» ավելի երկար, քան հակամարմինները, իսկ դրանց մակարդակն ուղղակիորեն կախված է հիվանդության ծանրությունից: Այս եզրակացությանն են հանգել Մեծ Բրիտանիայից գիտնականները, ովքեր ուսումնասիրել են վեց ամիս առաջ վարակը տարած մարդկանց բջջային իմունիտետը կորոնավիրուսի նկատմամբ:
Medportal.ru-ն հայտնում է, որ գիտնականները մի քանի ամիս հետեւել են SARS-CoV-2-ի հանդեպ հատուկ T-բջիջների կոնցենտրացիային այն մեծահասակ պացիենտների արյան շիճուկում, որոնք տարել են թեթեւ կամ անախտանիշ կորոնավիրուսային վարակ: T-բջիջները (կամ T-լիմֆոցիտները) պահպանում են տեղեկատվությունը նախկինում գործող անտիգեների մասին եւ նպաստում են վարակիչ հիվանդությունների նկատմամբ իմունիտետի ձեւավորմանը:
Մասնագետներն ուսումնասիրել են 22-65 տարեկան 77 կանանց եւ 23 տղամարդկանց արյան նմուշները, ովքեր մարտ-ապրիլ ամիսներին վարակվել են կորոնավիրուսով, նրանցից 44-ը հիվանդությունն անախտանիշ են տարել: 6 ամիս դիտարկումներից հետո հետազոտողները յուրաքանչյուր հիվանդի մոտ հայտնաբերել են T-լիմֆոցիտներ, ընդ որում՝ դրանց մակարդակը 50%-ով բարձր է եղել, քան նրանց մոտ, ովքեր տարել են հիվանդության թեթեւ, այսինքն՝ ախտանիշներով ձեւը:
Հետազոտողների կարծիքով, սա կարող է նշանակել, որ պաշտպանական արդյունքը կարող է ուղղակիորեն կախված լինել վարակի ծանրությունից։ Սա նշանակում է, որ մարդիկ, ովքեր անախտանիշ COVID-19 են ունեցել, կարող են ավելի ընկալունակ լինել կրկնակի վարակման դանդեպ: Կամ, ընդհակառակը, նրանց բնածին իմունիտետը կարող է բավարար պաշտպանություն ապահովել վիրուսի դեմ:
Ինչպես նշում են գիտնականները, բջջային իմունիտետը կարող է պաշտպանություն ապահովել կորոնավիրուսից նույնիսկ հակամարմինների մակարդակի նվազման դեպքում: Սակայն դեռ դժվար է ասել, թե որքան կտեւի դա, եւ արդյոք դա կարող է կանխել կրկին վարակվելը։
Հիշեցնենք, որ վերջերս կատարված մեկ այլ ուսումնասիրություն ցույց էր տվել, որ COVID-19 կորոնավիրուսային վարակ տարած մարդկանց մեծամասնության մոտ կայուն իմունիտետը պահպանվում է առնվազն 5 ամիս:






