Ինչպիսի՞ն է մարդկանց ֆիզիկական եւ հոգեբանական առողջությունը հիվանդանոցում կորոնավիրուսից բուժումից հետո 2 ամիս անց: Այս հարցի պատասխանը ներկայացվել է նոր հետազոտության արդյունքներում, որը հրապարակվել է Annals of Internal Medicine-ում:
Medportal.ru-ի փոխանցմամբ` հետազոտության հեղինակները հետեւել են 1648 հիվանդի առողջությանը, ովքեր հոսպիտալացվել էին ամերիկյան Միչիգան նահանգի 38 հիվանդանոցում 2020 թվականի մարտի կեսերից մինչեւ հունիսի 1-ը: Հիվանդների դուրս գրվելուց 60 օր անց գիտնականները հավաքել էին տեղեկատվությունը, որը հասանելի էր հիվանդության պատմություններում, ինչպես նաեւ հեռախոսով հարցումներ էին անցկացրել հետազոտության մասնակիցների շրջանում:
Ինչպես պարզվել է, հետազոտության մասնակիցների 24 տոկոսը մահացել է հիվանդանոցում: Սակայն հարկ է նշել, որ հետազոտության ընդգրկած ժամանակահատվածի համեմատ այսօրվա դրությամբ հիվանդանոցներում COVID-19-ից մահացությունը զգալիորեն նվազել է: Այդպես, Նյու Յորքի երեք հիվանդանոցների օրինակով ցույց է տրվել, որ եթե մարտին մահացության մակարդակը միջինում 25 տոկոս էր, ապա օգոստոսին արդեն 7.6 տոկոս էր կազմում:
Այդպես, դուրս գրվելուց հետո վաթսուներորդ օրը մահացել է հետազոտության մեջ ընդգրկված 84 հիվանդ, սովորական բաժանմունքում բուժվողների 6.7 տոկոսը եւ վերակենդանացման բաժանմունքի հիվանդների 10.4 տոկոսը: Այդ ժամանակահատվածում հետազոտության մասնակիցների 15 տոկոսը կրկին հոսպիտալացվել է: Հետազոտության 488 (41,8%) մասնակից հեռախոսային հարցում են անցել, որը պարզել է հետեւյալ խնդիրները.
. սրտի եւ թոքերի ախտանիշներ` 159 մարդու մոտ: Դրանցից 92-ի մոտ դրանք կրկին հայտնված ախտանշաններ էին կամ առկա ախտանիշների վատթարացում,
. հոտի եւ համի զգայության կայուն կորուստ` 65 նախկին հիվանդի մոտ,
. առօրյա կյանքում սովորական խնդիրներն ինքնուրույն կատարելու ունակության վատթարացում` 58 մարդու մոտ: Ինչ վերաբերում է հոգեկան առողջությանը, ապա հարցվածների մոտ կեսը հայտնել է, որ առողջության վատթարացումն ազդել է իրենց էմոցիոնալ վիճակի վրա: Ընդ որում, 28 մարդ դիմել է մասնագետի օգնությանը:
Հիվանդանոց տեղափոխվելուց առաջ կորոնավիրուսային վարակով աշխատել է հետազոտության 195 մասնակից: 60 օրվա ընթացքում նրանցից 117-ը կարողացել է վերադառնալ աշխատանքի: Դուրս գրվելուց հետո տարբեր պատճառներով չի աշխատել 78 մարդ. ոմանք` առողջության վատթարացման պատճառով, մյուսները` աշխատանքից հեռացվելու: 30 մարդ, ով վերադարձել է աշխատանքի, հայտնել են, որ ստիպված էին կրճատել աշխատանքային ժամերի քանակը:
Հետազոտության արդյունքում գիտնականները պարզել են, որ կորոնավիրուսով հիվանդների մեծ մասը հիվանդանոցից դուրս գրվելուց հետո բախվում է առողջության, աշխատանքի կամ ֆինանսների հետ կապված տարատեսակ խնդիրների: Սա կարող է վկայել այն մասին, որ այս հիվանդության պաթոլոգիական ազդեցությունները կարող են հայտնաբերվել հոսպիտալացումից հետո զգալի ժամանակ անց:






