Ֆլուվոկսամին հակադեպրեսանտը կարող է նվազեցնել բորբոքումը՝ կանխելով կորոնավիրուսի ծանր ինֆեկցիայի զարգացումը։ Այսպիսի եզրակացության են հանգել Վաշինգտոնի համալսարանի Բժշկական դպրոցի գիտնականները։
Մասնագետներն արդեն մեկ անգամ չէ, որ ուշադրություն են դարձնում COVID-19-ի բուժման արդեն գոյություն ունեցող դեղերին, հայտնում է The Hindu Business Line-ը։ Օրինակ՝ նախկինում Ֆացիպիրավիրը, որը սկզբնապես նախատեսված է գրիպի բուժման համար, եւ ռեմդեսիվիրը, որը մշակվել է Էբոլա տենդի դեմ պայքարի համար, թույլատրվել են համավարակի պայմաններում կիրառման համար։
Ֆլուվոկսամինը դեղամիջոց է, որն օգտագործվում է տագնապայնության, դեպրեսիայի եւ օբսեսիվ-կոմպուլսիվ խանգարման բուժման համար։ Դեղամիջոցը նաեւ օգնում է նվազեցնել բորբոքումը եւ կարող է լրացուցիչ նվազեցնել COVID-19 կորոնավիրուսային ինֆեկցիայի ընթացքի ծանրությունը, որն ուղղակիորեն կապված է չվերահսկվող բորբոքման եւ ցիտոկինային փոթորկի հետ։
COVID-19-ի դեպքում ֆլուվոկսամինի արդյունավետությունն առայժմ ապացուցված է կենդանիների վրա կատարված փորձերով․ դեղամիջոցը նվազեցրել է բորբոքումը եւ սեպսիսը մի տեղ հավաքել՝ հակաբորբոքային ցիտոկինի, ինտերլեյկին-6-ի արգելափակման հաշվին։
Թեստեր են անցկացվել նաեւ COVID-19 ինֆեկցիայի թեթեւ կամ չափավոր ընթացքով 152 պացիենտների մասնակցությամբ։ Մասնակիցներին բաժանել են 2 խմբի։ 15 օր շարունակ օրական երեք անգամ առաջին խմբում ընդգրկվածները ստացել են 100 գրամ ֆլուվոկսամին (80 պացիենտ), երկրորդում ընդգրկվածները՝ պլացեբո (72 պացիենտ)։ 15 օր հետո հիմնական խմբի մասնակիցներից ոչ մեկը չի հայտնել հիվանդության սրացման մասին։ Մյուս կողմից՝ պլացեբոյի խմբում 72 պացիենտից 6-ի մոտ դիտվել է ախտանիշների վատթարացում։






