COVID-19 կորոնավիրուսային վարակ տարած մարդկանց արյան պլազմայում հակամարմիններ կան, որոնք կարող են նաեւ այլ վտանգավոր կորոնավիրուսներ չեզոքացնել: Այս մասին հաղորդվում է Nature Microbiology ամսագրում հրապարակված նոր հետազոտության մեջ: Ըստ դրա հեղինակների` այդ տվյալները հետագայում կարող են կարեւոր դեր ունենալ կորոնավիրուսների դեմ պատվաստանյութերի մշակման գործում:
Medportal.ru-ի փոխանցմամբ` չեզոքացնող հակամարմիններն արտադրվում են B բջիջների (B լիմֆոցիտներ) կողմից: Դրանք դեր են խաղում վարակի նկատմամբ մարմնի իմունային պատասխանի ապահովման գործում: SARS-CoV-2 կորոնավիրուսի դեմ հակամարմինները չեզոքացնելու հատկությունները մինչ օրս բավարար հետազոտված չեն: Չին գիտնականները վերլուծել են Հունանում COVID-19-ից վերականգնված 67 հիվանդի արյան պլազման: Դրանց մեծ մասը հիվանդանոցից դուրս գրվելուց մեկ ամիս անց չեզոքացնող հակամարմինների բարձր մակարդակ է ունեցել:
Հակամարմինների ավելի բարձր տիտրեր եղել են այն հիվանդների մոտ, ովքեր ծանր ձեւով են կորոնավիրուս տարել: Արյան մեջ չեզոքացնող հակամարմինների բարձր մակարդակը կապված է T բջիջների հատուկ ենթաբազմության` ֆոլիկուլյար T հելփերների ավելացման հետ, որոնք օգնում են B բջիջներին հակամարմիններ արտադրել: Սակայն գիտնականները դեռ չգիտեն` արդյո՞ք այդ բջիջներն ունակ են երկար ժամանակ չեզոքացնող հակամարմիններ արտադրել: Այդ տեղեկատվությունը կարեւոր կլիներ պատվաստանյութերի հնարավորությունները հասկանալու համար:
Լաբորատոր հետազոտությունների ընթացքում գիտնականները պարզել են, որ SARS-CoV-2-ի դեմ որոշ չեզոքացնող հակամարմիններ ի վիճակի են չեզոքացնել կորոնավիրուսները, որոնք այլ վտանգավոր հիվանդություններ են առաջացնում` ծանր սուր շնչառական համախտանիշ (SARS-CoV) եւ մերձարեւելյան շնչառական համախտանիշ (MERS-CoV): Հետազոտողները դա բացատրում են նրանով, որ այս երեք վիրուսների սպիտակուցներն նման հատվածներ ունեն:
Հետազոտության հեղինակների կարծիքով` փոխանցված COVID-19-ից հետո հայտնվող որոշ հակամարմինների` մի քանի տարբեր կորոնավիրուս չեզոքացնելու ունակությունը խոսում է այն մասին, որ պոտենցիալ կերպով հնարավոր է այսպես կոչված պանկորոնավիրուսային պատվաստանյութ մշակել միանգամից բոլոր կորոնավիրուսների դեմ: Այս հայտնագործության հետ կապված մեկ այլ հեռանկար է լայն սպեկտրի հակամարմինների մշակումը կորոնավիրուսների դեմ:






