Օրական մեկ ժամից ոչ ավել համակարգչային խաղեր խաղացող երեխաները եւ դեռահասները ավելի շփվող եւ հարմարվող են, քան նրանք, ովքեր ընդհանրապես համակարգչով չեն խաղում կամ չափից շատ են խաղում։ Չափի մեջ խաղացող երեխաները նաեւ ավելի գոհ են իրենց կյանքից եւ ավելի երջանիկ են, պարզել են Օքսֆորդի համալսարանի գիտնականները։
Նրանց հետազոտությունը, որը հետագայում տպագրվել էր Pediatrics ամսագրում, վերաբերվում էր համակարգչային խաղերի թե դրական, թե բացասական կողմերին։ Հետազոտության մասնակցել էր մոտ 5000 աղջիկներ եւ տղաներ՝ 10-15 տարեկան։ Նրանց հարցրել էին, թե օրական քանի ժամ են նրանք խաղում համակարգչային կամ կոնսոլային խաղեր։ Այլ հարցերը նրանց ինքնազգացողության, առօրյա կյանքի, ընկերների եւ կենտրոնանալու կարողության մասին էին։
Հարցման արդյունքում պարզվել էր, որ 1 ժամից ոչ ավել խաղացող երեխաները հազվադեպ էին ընկերների կամ ուսման հետ կապված խնդիրներ ունենում. նրանք նաեւ ավելի հանգիստ եւ շփվող էին եւ հազվադեպ էին հիպերակտիվությամբ տառապում։
Բացի այդ, հետազոտությունը ցույց էր տվել, որ համակարգչային խաղերի ազդեցությունը՝ թե դրական, թե բացասական, երեխաների վրա չնչին է՝ ընտանիքի, դպրոցի եւ շրջապատի ազդեցության համեմատ։






