Ավստրալիայի Մելբուռնի համալսարանի գիտնականները պատմել են երեխաների մոտ կորոնավիրուսով վարակման անոմալ դեպքի մասին: Այս երեխաների հանձնած ՊՇՌ թեստերի արդյունքներն անընդհատ բացասական էին, սակայն, ընդ որում, վիրուսի նկատմամբ սպեցիֆիկ հակամարմիններ էին նկատվում: Այս դեպքը նկարագրված է Nature Communications ամսագրում հրապարակված հոդվածում:
Երեք երեխաների երկու ծնողներն էլ հիվանդացել էին COVID-19-ով: Ախտանիշներն ի հայտ էին եկել ուղեւորությունից վերադառնալուց մի քանի օր անց, որի ընթացքում երեխաները նրանց հետ չէին: Հիվանդության ախտանիշները հազ, քթի փակվածություն, ջերմություն եւ գլխացավ էին ներառում: Բժշկի դիմելուց հետո ամբողջ ընտանիքը կորոնավիրուսի ախտորոշման թեստ էր հանձնել, ընդ որում, թեստի արդյունքները ծնողների մոտ դրական էին, երեխաների մոտ` բացասական` չնայած նրան, որ մեկ ու կես շաբաթ շփվել էին հարազատների հետ, փոխանցում է «Լենտա»-ն:
Որոշ ժամանակ անց 9 եւ 7 տարեկան երկու տղաների մոտ մեղմ ախտանիշներ էին առաջացել, սակայն երկրորդ թեստերի արդյունքները կրկին բացասական էին: 5-ամյա դստեր մոտ ընդհանրապես ախտանիշներ չկային` չնայած նա հաճախ էր քնում ծնողների հետ նույն անկողնում, երբ նրանք հիվանդ էին:
Գիտնականներն ամբողջ ընտանիքին խնդրել էին մասնակցել հետազոտությանը, որի ընթացքում յուրաքանչյուր 2-3 օրը մեկ անգամ բոլորից արյան, թքի, կղանքի եւ մեզի նմուշներ էին վերցնում, ինչպես նաեւ` քսուքներ քթից եւ կոկորդից: Ընտանիքի յուրաքանչյուր անդամի թքի մեջ SARS-CoV-2-ի նկատմամբ հակամարմիններ էին հայտնաբերվել:
Այսպիսով, կորոնավիրուսի կողմից ազդեցության որոշակի մակարդակը երեխաների մոտ իմունային պատասխան էր առաջացրել, մինչդեռ ընտանիքի ամենակրտսեր երեխայի մոտ հակամարմինների արձագանքն ամենաուժեղն էր` չնայած աղջիկը հիվանդ չէր եւ ախտանիշներ չուներ:
«Այն փաստը, որ երեխաները կարողացել են հաղթահարել վիրուսը եւ նրանք չունեին նույնիսկ թեստի դրական արդյունք, վկայում է այն մասին, որ նրանց իմունային համակարգը բավականաչափ ակտիվ է` վիրուսին պատասխանելու եւ դրա դեմ արդյունավետորեն պայքարելու համար: Ընդ որում, նրանք երբեք չեն հիվանդանում COVID-19-ով»,- նշել է հետազոտության հեղինակ Շիդան Թոսիֆը:






