Քվինսլենդի, Մելբուռնի եւ Գրիֆիթի համալսարանների գիտնականները պարզել են, որ Ալցհեյմերի բուժման փորձնական դեղամիջոցը կարող է արդյունավետ լինել կայուն բակտերիալ վարակի դեմ:

Դեղամիջոցը, որը կոչվում է PBT2, աշխատում էր գրամ բացասական մանրէների դեմ, որոնք թոքաբորբ, մաշկի վարակում եւ մենինգիտ են առաջացնում, հաղորդում է Medical Express-ը:

PBT2-ն ազդում է մանրէների ներսում գտնվող մետաղների վրա, ինչը հակաբիոտիկներից պաշտպանության մեխանիզմների խախտման է հանգեցնում: Պարզվել է, որ հակաալցհեյմերական դեղամիջոցը, հակաբիոտիկ պոլիմիքսինի հետ համատեղ հաջողությամբ պայքարում է հակաբիոտիկների նկատմամբ կայուն գերմանրէների դեմ, ինչպիսիք են Klebsiella pneumoniae-ն, Acinetobacter baumannii-ն, Pseudomonas aeruginosa-ն եւ Escherichia coli-ն: Պոլիմիքսինի եւ PBT2-ի համադրությունը ոչնչացրել է պոլիմիքսինակայուն մանրէները` ամբողջությամբ վերացնելով վարակի հետքերը:

Կարեւոր է այն, որ PBT2-ի անվտանգ լինելն արդեն ապացուցված է: Գիտնականների խոսքով` տեսականորեն այն կարելի է միացնել այլ հակաբիոտիկներին եւ ուժեղ դեղորայքային միավոր ստանալ` բուժվող վարակների ցուցակն ընդլայնելու համար, ասում են գիտնականները: