Քանի որ վերջերս Հայաստանում աճել է սնկով թունավորումների թիվը, Առողջապահության նախարարությունը հիշեցնում է, որ թունավորման ախտանիշների ի հայտ գալուն պես անհրաժեշտ է շտապ դիմել բժշկի, նույնիսկ եթե Դուք, Ձեր կարծիքով, ոչ մի վտանգավոր բան չեք կերել:

Թունավորման ախտանիշներն են՝

  • Սրտխառնոց,
  • Փսխում,
  • Գլխապտույտ,
  • Աղեստամոքսային տրակտի խանգարումներ:

Եթե այս ախտանիշները ի հայտ են գալիս սունկ ուտելուց որոշ ժամանակ անց, շտապ դիմեք բժիշկի կամ շտապօգնություն կանչեք, քանի որ սնկից թունավորումը կարող է բավական վտանգավոր լինել: Նույնիսկ եթե սունկ չեք կերել, հիշեք, որ ամռանը թունավորվել հնարավոր է նաեւ շատ այլ մթերքներից, օրինակ՝ ձմերուկից, եւ բժիշկի դիմելը ամեն դեպքում ավելորդ չի լինի:

Ինչպե՞ս խուսափել սնկից թունավորումից:

Թունավորումից խուսափելու նպատակով Առողջապահության նախարարությունը խորհուրդ է տալիս.

• Չհավաքել կամ չգնել եւ սննդում չօգտագործել անհայտ ծագման, չստուգված սնկեր:

• Սունկ գնել միայն շուկայից եւ խանութներից` իրավասու մարմնի կողմից տրված փաստաթղթի առկայության:

• Երեխաներին եւ հղի կանանց խորհուրդ չի տրվում սունկ օգտագործել:

• Ցանկալի չէ սնկերի օգտագործումը ալկոհոլի հետ, քանի որ դրանք անհամատեղելի են եւ կարող են բերել թունավորման:

Հիշեցնենք, որ, մասնագետների խոսքով, Հայաստանում աճող թունավոր սնկերը բավական դժվար է տարբերել անվտանգներից, քանի որ դրանք երբեմն շատ նման են, եւ զարմանալի չէ, որ գրանցվող բոլոր թունավորման դեպքերը եղել են մարդկանց կողմից ինքնուրույն հավաքած սնկերից: Այդ իսկ պատճառով, մասնագետները խորհուրդ են տալիս ինքնուրույն հավաքած սունկը ուտելուց առաջ երկու անգամ մտածել: