Առողջության համար օգտակար սննդամթերքն էլ կարող է հավելյալ կիլոգրամների առաջացման հանգեցնել: Բանը նրանում է, որ առողջ սնունդը կարող է չափազանց բարձր կալորիականություն ունենալ եւ, սահմանված նորմայից բարձր չափաբաժիններով ընդունման դեպքում, շատ արագ քաշի ավելացում հրահրել: Ի պատասխան NEWS.am Medicine-ի ընթերցողների մեկի դիտարկման, թե բավականին առողջ կենսակերպ է վարում, ֆասթֆուդից, գազավորված/քաղցր ըմպելիքներից չի օգտվում, զբաղվում է սպորտով, բայց եւ մի քանի հավելյալ կիլոգրամներից ազատվել ոչ մի կերպ չի հաջողվում, վերոհիշյալ մեկնաբանությամբ է հանդես եկել Da Vinci բժշկական հաստատության դիետոլոգ Հասմիկ Աբովյանը:
«Փորձենք հասկանալ, թե արդյոք առողջ կենսակերպ վարող, ֆիզիկական վարժություններին անհրաժեշտ ուշադրություն դարձնող եւ սննդամթերքի վնասակար տեսակներից զերծ սննդակարգի հետեւող մարդուն կարող է հավելյալ քաշ սպառնալ», - հարցմանը պատասխանել է դիետոլոգը:
Նրա խոսքով, լայն տարածում ունի ոչ ճշմարիտ համոզմունք առ այն, թե իբր ֆասթֆուդը եւ սննդամթերքի այլ՝ վտանգավոր ու բարձր կալորիականությամբ աչքի ընկնող տեսակները սննդակարգից բացառելով՝ կարելի է արագորեն հավելյալ կիլոգրամներից ազատվել, կամ էլ՝ ընդհանրապես հավելյալ քաշի հետ կապված որեւէ խնդիր չունենալ: Այս մոլորությունը որոշ մարդկանց գիտակցության մեջ այնքան ամուր է նստած, որ նույնիսկ դիետոլոգներից երկար ժամանակ է պահանջվում՝ բացատրելու համար, որ այն ճշմարտության հետ ոչ մի եզրեր չունի, եւ հենց դրա արդյունքում է, որ չեն կարողանում քաշի խնդիրը հաղթահարել եւ քաշի կարգավորման հասնել: Այդպիսի մարդիկ հաճախ անհիմն եզրահանգման են գալիս, թե, քան որ բացառապես առողջ սնունդ ընդունելով՝ չի հաջողվում հավելյալ կիլոգրամներից ազատվել, ուրեմն հավելյալ քաշը նորմա է իրենց համար, եւ երբեք չեն կարող նիհարել:
«Ցանկանում եմ խնդրին առնչվող բոլոր մարդկանց հավաստիացնել, որ իրենք էլ կարող են եւ պետք է նիհարեն: Բանն այն է, որ հավելյալ կիլոգրամները կարող են նույնքան հեշտությամբ էլ առողջության համար օգտակար սննդամթերքի հրահրմամբ առաջանալ, քանի որ առողջ սնունդը կարող է նաեւ չափազանց բարձր կալորիականություն ունենալ եւ, սահմանված նորմայից բարձր չափաբաժիններով ընդունման դեպքում, շատ արագ քաշի ավելացման հանգեցնել: Մեկ անգամ եւս ընդգծեմ՝ նույնիսկ սննդամթերքի առողջարար տեսակներ ընդունելիս հարկավոր է չափավոր գտնվել եւ առողջ սննդառության հիմնարար սկզբունքներին հետեւել, որոնք սննդի որակը, քանակը, սննդամթերքի տեսակների համադրությունն ու ժամկետներն են կարգավորում: Պետք է տեղյակ լինել, թե սննդամթերքի որ տեսակները օրվա որ ժամին կարելի է ընդունել:
Օրինակ՝ հավելյալ քաշ ունեցող մարդկանց ժամը 18:00-ից հետո կտրականապես արգելվում է ածխաջրատներ պարունակող մթերքներով սնվել՝ ճարպային կուտակումներից խուսափելու համար: Իսկ ահա բջջանյութով հարուստ, մեծ ի մասամբ ցածր կալորիականությամբ աչքի ընկնող թարմ բանջարեղենը կարող է քաշի կորստի հանգեցնել, քանի որ ավելի քիչ կալորիա են պարունակում, քան անհրաժեշտ է օրգանիզմին՝ սննդամթերքի տվյալ տեսակը մարսելու համար:
Մի խոսքով, առողջ սնունդն էլ կարող է հավելյալ կիլոգրամների առաջացման հանգեցնել, եւ եթե առնչվում եք նման խնդրի հետ, ստիպված եք սննդակարգի չափը, կազմը եւ ժամկետները վերանայել: Բոլորն էլ ի զորու են հավելյալ քաշիզ ազատվել. չկա այնպիսի մարդ, ում համար հավելյալ կիլոգրամները ֆիզիոլոգիական նորմա են հանդիսանում: Նիհարելի համար հարկավոր է փոքր չափաբաժիններով եւ հաճախ՝ օրական 5-6 անգամ սնվել, բավականաչափ ծավալով՝ օրական մինչեւ 3 լ սովորական ջուր խմել եւ 10 հազար քայլ կատարել», - ամփոփել է դիետոլոգը:






