Գիտնականները մշակել են մեզի անալիզ, որը 100% ճշգրտությամբ կարող է հայտնաբերել միզապարկի քաղցկեղը: Առաջիկայում այն կսկսեն փորձարկել մեծ թվով հիվանդների վրա:
Ինչպես հայտնում է The Daily Mail-ը, նոր մեթոդի 100%-անոց ճշգրտությունը ապացուցվել է կլինիկական փորձարկումների ընթացքում: Մեթոդն իրենից ներկայացնում է առաջադեմ «հեղուկ բիոպսիա», որը կարող է փոխարինել միզապարկի քաղցկեղի նախնական ախտորոշման համար այսօր օգտագործվող թեստերին: Նրանք ստուգում են մեզի մեջ արյան հետքերի առկայությունը, ինչը կարող է քաղցկեղի նշան լինել: Դրական արդյունք ունեցող հիվանդներին այնուհետեւ ուղարկում են հիվանդանոցներ` մի շարք այլ ախտորոշիչ ընթացակարգեր անցկացնելու համար:
Բայց 98% դեպքերում մեզի մեջ արյան առկայությունը չի հանգեցնում միզապարկի ուռուցքների հայտնաբերմանը:Իսկ նոր թեստը, որը ստացել է URO17 անվանումը, կարող է բացառել միզապարկի քաղցկեղը կամ ի սկզբանե հայտնաբերել այն: Այս դեպքում այլ ախտորոշիչ ընթացակարգեր չեն պահանջվում:
Մեզի մեջ արյան հետքերի հայտնաբերումից հետո պացիենտները անցնում են ցիստոսկոպիա, որը թույլ է տալիս հայտնաբերելու անոմալ փոփոխությունները, որոնք ազդարարում են քաղցկեղի մասին: Այն կատարվում է տեղային անզգայացման տակ եւ միշտ չէ, որ հարմար է մարդկանց համար, քանի որ պահանջում է միզուկի միջոցով միզապարկի խոռոչի մեջ հատուկ օպտիկական համակարգի (ցիստոսկոպ) ներմուծում։ URO17-ը պացիենտներին կազատի այս ընթացակարգից:
Ինչպես նշել է հետազոտության գլխավոր հեղինակ, East and North Hertfordshire NHS Trust-ից դոկտոր Նիհիլ Վասդեւը, նոր հետազոտությունը կարող է ամբողջությամբ փոխել միզապարկի քաղցկեղի ախտորոշումը:






