Կորոնավիրուսի դեմ ռուսական «Սպուտնիկ V» պատվաստանյութով պատվաստված կամավորների 0,5 տոկոսից պակասն է հիվանդացել COVID-19-ով: Այս մասին հայտնել է երկրի առողջապահության նախարարի խորհրդական Սերգեյ Գլագոլեւը՝ հրապարակելով Գամալեի անվան կենտրոնի մշակած դեղամիջոցի կլինիկական փորձարկումների միջանկյալ արդյունքները:
Գլագոլեւի խոսքով՝ կամավորների մոտ 10 տոկոսը բախվել է, այսպես կոչված, գրիպանման համախտանիշի, որին հատուկ է մարմնի բարձր ջերմությունը:
«Գրիպանման համախտանիշը, որը հանդիպում է պատվաստանյութը ստացածներից շուրջ 10 տոկոսի մոտ, [դրսեւորվում է] ջերմության բարձրացմամբ՝ սովորաբար 38 աստիճանից ոչ ավելի, որն իջեցվում է ոչ ստերոիդային հակաբորբոքային դեղամիջոցներով: Մասնավորապես՝ լավ է իջեցնում պարացետամոլը: Կլինիկական հետազոտության ընթացքում ծանր անցանկալի, անկանխատեսելի ռեակցիաներ չեն հայտնաբերվել»,- ասել է նա՝ հավելելով, որ պատվաստանյութն օժտված է «անվտանգության շատ լավ պրոֆիլով»:
Պատվաստանյութի հետգրանցումային հետազոտություններին մասնակցում է մոտ 24 հազար կամավոր: Նախատեսվում է առաջիկայում արդյունքները հրապարակել գրախոսվող գիտական ամսագրերից մեկում:
Հիշեցնենք, որ «Սպուտնիկ V» պատվաստանյութը մշակողները նոյեմբերի վերջին հրապարակել էին կլինիկական փորձարկումների միջանկյալ անալիզի արդյունքները, որոնք ցույց էին տվել, որ դեղամիջոցի արդյունավետությունը 95 տոկոսից բարձր է: Առաջին ներարկումը կատարելուց հետո 28-րդ օրը (երկրորդը ստանալուց հետո 7 օր անց) արդյունավետությունը կազմել է 91,4 տոկոս: Առաջին դեղաչափի ներարկումից հետո 42 օր անց եւ պացինետների կողմից երկրորդ դեղաչափը ստանալու պարագայում պաշտպանության մակարդակը անցել է 95 տոկոսից: Հենց այս ժամանակ է ձեւավորվում կայուն իմունային պատասխանը:






