SARS-CoV-2 կորոնավիրուսը կարող է ազդել կենտրոնական նյարդային համակարգի վրա եւ նյարդաբանական խանգարումներ առաջացնել, այդ թվում՝ իշեմիկ կաթված, էնցեֆալիս, էնցեֆալոպաթիա եւ էպիլեպսիայի նոպաներ: Այս մասին զգուշացնում են Քլիվլենդի կլինիկայի կենսաբժշկական ինժեներիայի բաժնի հետազոտողները:
Կորոնավիրուսային ինֆեկցիայի դեպքում նյարդաբանական խախտումների ախտանիշները կարող են ներառել գլխապտույտ, գլխացավ, գիտակցության կորուստ եւ ատակսիա (հավասարակշռության եւ մկանային վերահսկման կորուստ), նշված է նրանց նոր ամփոփ ակնարկում, որը հրապարակվել է Cells-ում:
Գիտնականների տվյալներով՝ կորոնավիրուսը կենտրոնական նյարդային համակարգի մեջ կարող է հայտնվել կա՛մ քթի խոռոչի ծակոտկեն ոսկրի միջոցով (ինչն առաջացնում է հոտի եւ/կամ համի կորուստ, որոնք սովորաբար դիտվում են COVID-19-ի ժամանակ), կա՛մ օրգանիզմի արյան շրջանառության համակարգով՝ հետագայում հաղթահարելով հեմատոէնցեֆալիկ պատնեշը:






