Գիտնականները 8 գենետիկ տարբերակներ են գտել, որոնք կապ ունեն ծանր ընթացող COVID-19-ի հետ: Նրանք նաեւ դեղամիջոցների 2 դաս են գտել, որոնք կարող են նվազեցնել այդ գեների հետ կապված ռիսկերը: Այս մասին ասվում է հետազոտության մեջ, որը հրապարակվել է Nature ամսագրում:
Ինչպես հայտնում է Medportal.ru-ն, հետազոտության հեղինակները վերլուծել են տարբեր գենետիկ տարբերակների կապերը COVID-19-ի ծանր ընթացքի հետ 2244 պացիենտների մոտ, ովքեր բուժվել են Մեծ Բրիտանիայի տարբեր հիվանդանոցների վերակենդանացման բաժանմունքներում: Ծանր հիվանդների գենոմները համեմատվել են վերահսկիչ խմբի մարդկանց գենոմների հետ, որոնց վերաբերյալ տեղեկատվությունը հասանելի է բրիտանական Biobank-ում:
Գիտնականները կենտրոնացել են միանուկլեոտիդային պոլիմորֆիզմի վրա. դրանք տարբերություններ են ԴՆԹ-ում նուկլեոտիդների հաջորդականության մեջ: Այդ հաջորդականության փոփոխությունները կարող են կապված լինել տարբեր պաթոլոգիաների ռիսկի հետ:
Հետազոտությունը ցույց է տվել, որ կան 8 գենետիկ հաջորդականություններ, որոնք հաճախ հանդիպում են մարդկանց մոտ, որոնց մոտ կորոնավիրուսը ծանր է ընթացել:
Հայտնաբերված գենետիկ տարբերակները կապված են եղել գեների հետ, որոնք դեր ունեն վիրուսային վարակներին օրգանիզմի բորբոքային պատասխանում: Անալիզը ցույց է տվել, որ դրանք իսկապես կարող են մասնակցել պրոցեսներին, որոնք ուղեկցում են կորոնավիրուսի ծանր ընթացքը:
Հետազոտության ընթացքում ստացված տվյալները հաստատում են հիպոթեզը, որ կորոնավիրուսի ծանր ընթացքը կապված է նրա հետ, թե ինչպես է մարդու օրգանիզմում աշխատում վիրուսների դեմ պաշտպանությունը, եւ նրա հետ, թե որքան ակտիվ են բորբոքային պրոցեսները:
Հետազոտողների խոսքով՝ կան դեղամիջոցներ, որոնք ունակ են ազդել այդ մեխանիզմների վրա:Օրինակ, բարցիտինիբ դեղամիջոցը մշակվել է, որպեսզի ազդի TYK2-ի վրա ռեւմատոիդային արթրիտում: Կան նաեւ մոնոկլոնալ հակամարմիններ, որոնք արգելափակում են CCR2-ը: Սակայն կորոնավիրուսի ժամանակ դրանց արդյունավետությունը գնահատելու համար խոշոր հետազոտություններ են պահանջվում:






