Պատրաստելու տեսակետից բավականին պարզ սարքը կարող է կորոնավիրուսի ախտորոշման թեստավորման մեջ իսկական հեղափոխություն առաջացնել: Դրա օգնությամբ ընդամենը կես ժամում կորոնավիրուսը կարելի է հայտնաբերել սմարթֆոնի խցիկն օգտագործելով:

Հետազոտողների միջազգային խումբը հետազոտություն է հրապարակել Cell ամսագրում, որում մանրամասն նկարագրվում է, թե ինչպես հեշտ ու արագ հայտնաբերել կորոնավիրուսը քթից վերցված քսուքով, հաղորդում է News.com.au-ն: Նոր մեթոդը հենվում է CRISPR/Cas9 գենոմի խմբագրման տեխնոլոգիայի վրա՝ ի տարբերություն այսօր օգտագործվող թեստերի, որոնք օգտագործում են ՊՇՌ մեթոդը (պոլիմերազային շղթայական ռեակցիա):

Առաջարկվող մեթոդում հատուկ ֆերմենտը միանում է ՌՆԹ-ին եւ շերտատում ցանկացած հաջորդականություն՝ թեստավորման համար դրանք մեկուսացնելով: Գիտնականների նախագծած սարքը թույլ է տալիս շերտատված տարրերը լուսավորել եւ հայտնաբերել սմարթֆոնի սովորական խցիկի միջոցով:

Գիտնականների խոսքով՝ սարքը արդյունքը տալիս է կես ժամից (կամ 5 րոպեից, եթե արդյունքը դրական է): Համակարգը ոչ միայն կարող է մարդուն հայտնել՝ իր մոտ կա՞ արդյոք կորոնավիրուս, այլ նաեւ ցույց տալ ինֆեկցիայի տարածման ռիսկը:

Գիտնականները նախատեսում են ապագայում փոփոխել մշակած սարքը՝ այն վերակարգավորելով ՄԻԱՎ-ի հայտնաբերման համար: