Այսօր ազիտրոմիցինը կիրառվում է շնչառական օրգաններում բորբոքային պրոցեսների դեպքում եւ ներառված է կորոնավիրուսային ինֆեկցիայի բուժման մեծ թվով միջազգային հանձնարարականներում: Սակայն գիտնականներին այդպես էլ չի հաջողվել հաստատել COVID-19-ի դեպքում այս դեղամիջոցի արդյունավետությունը:

RECOVERY բրիտանական կլինիկական փորձարկումների շրջանակում, որոնք ուսումնասիրում են կորոնավիրուսային ինֆեկցիայի դեմ հեռանկարային դեղամիջոցները, գիտնականները գնահատել են ազիտրոմիցինի արդյունավետությունը, նշում է Medportal.ru-ն: Նրանք հիմա հրապարակել են պացիենտների 73 տոկոսի տվյալների վրա հիմնված հետազոտության միջանկյալ արդյունքները:

Գիտնականները COVID-19-ի ծանր ընթացքով հոսպիտալացված 2582 հիվանդների կլինիկական ցուցանիշները, որոնք ախտանիշները հայտնվելուց հետո 8 օր անց ազիտրոմիցին են ստացել, համեմատել են ստանդարտ բուժում ստացող 5182 պացիենտներից բաղկացած ստուգիչ խմբի հետ: Նախնական անալիզով երկու խմբերի միջեւ մահացության զգալի տարբերություն չի եղել: Փորձարկումների 28-րդ օրը մահացությունը 19 տոկոս է կազմել ինչպես հակաբիոտիկը ստացող, այնպես էլ մյուս պացիենտների դեպքում:

Հետազոտությամբ նաեւ հայտնաբերվել է ազիտրոմիցինի զգալի ազդեցությունը ծանր բարդությունների զարգացման եւ հոսպիտալացման երկարատեւության հավանականության վրա:

«Այս տվյալները համոզիչ կերպով բացառում են մեր կողմից հետազոտված COVID-19-ով հոսպիտալացված պացիենտների համար ազիտրոմիցինի օգուտը: Սակայն մեր հետազոտության մեջ ներառված չեն այն պացիենտները, որոնք բուժում են ստանում տանը, ուստի մենք չենք կարող եզրակացություններ կատարել ամբուլատոր կիրառման համար ազիտրոմիցինի արդյունավետության վերաբերյալ»,- ասում են հետազոտության հեղինակները:

Գիտնականները ստացած արդյունքները «հիասթափեցնող» են անվանում, քանի որ ամբողջ աշխարհում շատ բժիշկներ ազիտրոմիցինի հետ մեծ հույսեր էին կապում: Գիտնականների կարծիքով, սակայն, ստացած տվյալներն անչափ կարեւոր են ե՛ւ բժիշների, ե՛ւ պացիենտների համար, քանի որ հակաբիոտիկների ավելորդ նշանակումը նպաստում է հակաբակտերիային դեղամիջոցների հանդեպ ռեզիստենտության տարածմանը: