Մեծ Բրիտանիայում հաջորդ ամիս ծրագրվում է սկսել քթի սփրեյի տեսքով պատվաստանյութի փորձարկումները: Առաջինը պատվաստանյութը կփորձարկվի 48 կամավորներից բաղկացած խմբի վրա:
The Daily Mail-ի հաղորդմամբ՝ նոր պատվաստանյութը մշակել է ամերիկյան Codagenix ընկերությունը, որը հաջողությամբ փորձարկվել է կենդանիների վրա: Գիտնականների խոսքով՝ բավական է մեկ դեղաչափ, որպեսզի օրգանիզմում պաշտպանություն ձեւավորվի, ընդ որում, վիրուսի տարբեր հատվածներից, այլ ոչ թե փշաձեւ սպիտակուցից, որն օգտագործվում է կորոնավիրուսի կողմից բջիջներ ներթափանցելու համար: Այսինքն՝ տեսականորեն պատվաստանյութն արդյունավետ կլինի նույնիսկ կորոնավիրուսի մուտացված ձեւերի դեմ:
COVI-VAC-ը կենդանի թուլացած պատվաստանյութի տիպ է, նշանակում է, որ կամավորները կստանան կորոնավիրուսի գենետիկորեն մոդիֆիկացված եւ թուլացած տարբերակը: Այն պետք է խթանի իմունիտետն այնպես, ինչպես իսկական հիվանդությունը: Սակայն ներարկված վիրուսն ավելի դանդաղ է, քան նախորդը, ինչը նշանակում է, որ իմունիտետը հասցնում է ձեւավորվել նախքան վիրուսը վնաս կհասցնի օրգանիզմին:






