SARS-CoV-2 կորոնավիրուսն ավելի վտանգավոր է եւ մահաբեր գրիպի վիրուսի համեմատությամբ, պարզել են Սենթ Լուիսի Վաշինգտոնյան համալսարանի գիտնականները: Նրանց նոր հետազոտությունը հրապարակվել է British Medical Journal-ում:

Հետազոտության հեղինակները վերլուծել են 2020 թվականի փետրվարի 1-ից հունիսի 17-ը ԱՄՆ հիվանդանոցներում բուժվող COVID-19-ով 3641 պացիենտների, ինչպես նաեւ 2017 թվականի հունվարի 1-ից 2019 թվականի դեկտեմբերի 31-ը գրիպով հոսպիտալացված 12 676 պացիենտների տվյալները: Պացիենտների միջին տարիքը կազմել է 69:

Պարզվել է, որ COVID-19-ի ժամանակ ավելի հաճախ, քան գրիպի ժամանակ, զարգանում են այնպիսի բարդություններ, որոնց դեպքում պացիենտը հոսպիտալացման, թոքերի արհեստական օդափոխության եւ ինտենսիվ թերապիայի բաժանմունքներում բուժման կարիք ունի: Կորոնավիրուսային ինֆեկցիայով պացիենտները հիվանդանոցում ավելի երկար են անկացնում եւ գրեթե 5 անգամ ավելի հաճախ են մահանում, քան գրիպով պացիենտները: Գիտնականների տվյալներով՝ գրիպով 12 676 պացիենտից մահացել է 674-ը (5,3 տոկոս), իսկ COVID-19-ով 3641 պացիենտից՝ 676-ը (18,5 տոկոս):

Չնայած գրիպն ու կորոնավիրուսային ինֆեկցիան մեծապես իրար նման են, SARS-CoV-2-ի առանձնահատկությունն այն է, որ այն ախտահարում է ոչ միայն շնչառական, այլեւ մյուս օրգանները: Այսպես՝ ինֆեկցիան կարող է առաջացնել լյարդի եւ երիկամների ախտահարումներ, սիրտ-անոթային հիվանդություններ, կաթված, ծանր սեպսիսային շոկ, արյան ցածր ճնշում, արյան չափազանց մեծ մակարդելիություն: Ավելին՝ այն կարող է նպաստել անհասկանալի տեսակի դիաբետի զարգացմանը: Այսպես՝ մի քանի պացիենտների մոտ արյան մեջ շաքարի մակարդակը կտրուկ բարձրացել է, ինչի պատճառով նրանք ինսուլին ստանալու անհրաժեշտություն են ունեցել: