Կրծքի կաթը համարվում է նորածնի լավագույն սնունդը, քանի որ պարունակում է կարեւոր սննդարար նյութեր եւ օգտակար բակտերիաներ: Բայց, ինչպես պարզվել է, կրծքի կաթի բաղադրությունն իրականում մեծապես կախված է մոր սննդակարգից: Բեյլորի բժշկական քոլեջի եւ Տեխասի մանկական հիվանդանոցի գիտնականները նկարագրել են այն մեխանիզմը, որը կարող է փոխել կրծքի կաթի հատկությունները:
Կրծքի կաթի մեջ պարունակվում են օլիգոսախարիդներ՝ բարդ ածխաջրեր, որոնք օգտակար բակտերիաների համար սնունդ են դառնում, հայտնում է Medical Express-ը: Գիտնականների խոսքով՝ օլիգոսախարիդները կարող են նաեւ նպաստել առողջ միկրոֆլորայի առաջացմանը ոչ միայն օգտակար բակտերիաներին կերակրելով, այլեւ գործելով որպես խայծ վտանգավոր բակտերիաների մեկուսացման համակարգում:
Օլիգոսախարիդների բաղադրությունը կարելի է փոխել մոր սննդակարգի մոդիֆիկացիայի հաշվին: Դա ապացուցվել է փորձով, որի շրջանակում կերակրող կանայք 30-70 ժամ հետեւել են որոշակի սննդակարգի: Այնուհետեւ սննդակարգը փոխվել է, եւ գիտնականները վերլուծել են կաթի բաղադրության բակտերիային եւ սննդարար բաղադրությունը:
Պարզվել է, որ ածխաջրերը եւ էներգիայի այլ աղբյուրները սննդակարգում փոխել են կրծքի կաթի մեջ օլիգոսախարիդների խտությունը, եւ սա ուղեկցվել է կաթի միկրոբիոմի մետաբոլիկ տարողունակության փոփոխություններով: Հատկանշական է, որ փոփոխությունները սկսվել են սննդակարգը փոխելուց հետո արդեն 2-3 օր անց:






