«Վեկտոր» (Ռուսաստան) գիտական կենտրոնի մասնագետները ստեղծել են ՄԻԱՎ-ի դեմ պատվաստանյութ՝ «ԿոմբիՎԻՉվակ»: Կամավորների շրջանում հետազոտությունները ցույց են տվել, որ պատվաստանյութն արդյունավետ է վիրուսի դեմ հակամարմիններ արտադրելու առումով եւ միեւնույն ժամանակ անվտանգ է պացիենտների համար: Այդ մասին հաղորդում է «Ինտերֆաքս»-ը՝ հղում անելով կենտրոնի մամուլի ծառայությանը:
Գիտնականների խոսքով՝ ՄԻԱՎ-ի հակամարմիններն ու ցիտոտոքսիկ Տ-լիմֆոցիտները պատվաստանյութի երկու դեղաչափ ներարկելուց հետո հայտնաբերվել են բոլոր 100 տոկոս կամավորների մոտ, իսկ 80-տոկոսի մոտ՝ ՄԻԱՎ կեղծ վիրուսները չեզոքացնող հակամարմիններ: Կեղծ վիրուսներն են մոդիֆիկացված վիրուսային մասնիկները, որոնք նույնական են պաթոգեն վիրուսների հետ, սակայն կենսաբանորեն անվտանգ են:
Հետազոտությունները նաեւ հաստատել են մարդու համար պատվաստանյութի անվտանգությունը: «ԿոմբիՎԻՉվակ»-ի հետազոտությունները կշարունակվեն մինչեւ 2021 թվականի ավարտ:
Մասնագետների խոսքով՝ այդ պատվաստանյութն ուղղված է ՄԻԱՎ-ի մի քանի հիմնական սպիտակուցների դեմ, որոնք գրեթե միանման են վիրուսի երեք ենթատիպերի շրջանում: Դեղամիջոցը պետք է կանխարգելի պաթոգենի բազմացումը վարակված մարդու մոտ նախքան վիրուսը կկարողանա «կոտրել» բջիջներն ու ներդնել իր գեները դրանց գենոմի մեջ:






